Արևմտյան Հայաստանում 2023թ․ փետրվարին տեղի ունեցած հզոր երկրաշարժից տուժած Տիգրանակերտ քաղաքի պատմական պարիսպների 30 հատվածում վնասներ էին ի հայտ եկել, որոնց մասին իրազեկել է Տիգրանակերտի մշակութային և բնական ժառանգության պահպանության ասոցիացիան։ Զեկույցում ներկայացվել են պատմական քաղաքի պարիսպների բաստիոնների միջև՝ 30 կետերում գրանցված քարաթափումները, հորիզոնական-ուղղահայաց ճաքերը, ճեղքերը, հենարանների վնասվածքները։ Զեկույցում նշվում է նաև, որ քարաթափման վտանգը դեռևս առկա է։ Չնայած ներկայացված զեկույցին, մինչ այսօր նշված հատվածներում վերականգնողական աշխատանքներ չեն սկսվել։ Դրանից բացի, պարիսպներից թափված քարերը հայտնվել են գանձագողերի թիրախում։ Այս ամենը բնակիչների և բնապահպանների մոտ բողոքի ալիք է առաջացրել։