Արտաշեսը ծնվել է 2000թ․ Ստեփանակերտում։ Նախքան ծառայության մեկնելը՝ ընդունվել էր Արցախի պետական համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգերի սպասարկման բաժինը, հասցրել էր սովորել ընդամենը մեկ կիսամյակ։ 

Պատերազմի սկսվելու ժամանակ Արտաշեսի ծառայության ավարտին մի քանի ամիս էր մնում՝ 2021-ի հունվարին պետք է զորացրվեր։ Նա ծառայությունը սկսել էր «Եղնիկներ» զորամասում, այնուհետև ֆիզիկական լավ պատրաստվածության շնորհիվ տեղափոխվել էր Դրմբոնի դեսանտագրոհային գումարտակ։ Արտաշեսը երկար ժամանակ զբաղվում էր ֆուտբոլով և կարատեով, սպորտը շատ էր սիրում ու հետագայում էլ այդ ուղղությամբ էր ուզում շարունակել։ Հենց իր ֆիզիկականի համար էլ տեղափոխեցին այդ գումարտակ։

Պատերազմի առաջին օրը՝ 2020թ․ սեպտեմբերի 27-ին, ՊԲ դեսանտագրոհային գումարտակը պաշտպանության է անցնում Մարտակերտի շրջանի Թալիշ, Մատաղիս և Աղդաբան ուղղություններում։ Դրանից հետո՝ հոկտեմբերի 22-ին, գումարտակը առաջադրանք է ստանում մեկնել Մարտունու շրջանի Շեխեր գյուղ, որտեղ հոկտեմբերի 22-ից մինչև 27-ը ընթանում էին ծանր մարտեր։ Շեխերում մարտերը ծանր էին։ Հայկական զորքի դեմ տարբեր կողմերից ուղարկվում էին ադրբեջանական հատուկ ստորաբաժանումներ։ Գյուղում տեղակայվելու երրորդ օրն էր՝ հոտեմբերի 23-ի կեսօրին, երբ թշնամու հերթական արկից զոհվում են Արտաշես Բաղդասարյանը և ծառայակից Սեյրան Սիմոնյանը, ևս մի քանիսը վիրավորվում են։ Արտաշեսին հենց նույն օրը շտապօգնության մեքենայով տեղափոխում են Ստեփանակերտ։

Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 24-ին, թեև մայրաքաղաք Ստեփանակերտը պարբերաբար հրթիռակոծվում էր, Արտաշեսին հուղարկավորում են ընտանեկան գերեզմանոցում։ Որոշ ժամանակ հետո ընտանիքը որոշում է արտաշիրիմում անել և իրենց որդուն հուղարկավորել Եռաբլուրում։ 

Արտաշես Բաղդասարյանը 2020թ․-ի դեկտեմբերի 25-ին հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության Մարտական ծառայության մեդալով։