«Թուրքական պատմական ընկերության» նախագահ, «պալատական» պատմաբան Յուսուֆ Հալաչօղլուի՝ 2007 թվականի օգոստոսի 18-ին Կեսարիա քաղաքում կայացած սիմպոզիումի ժամանակ հավատափոխ հայերի մասին արտահայտած մտքերն անմիջապես լայն արձագանք գտան թուրքական մամուլում և քաղաքական, գիտական, մտավորական շրջանակներում։ Հիշյալ սիմպոզիումում Հալաչօղլուն հայտարարել էր, որ Թուրքական պետությունում քրդերի մեծ մասն իրականում ունի թուրքմենական ծագում, իսկ արևի քրդերը դավանափոխ հայեր են, որոնք առերես իսլամ են ընդունել և փոխել իրենց անունները` 1915թ. «տեղահանությունից» ազատվելու համար. «Այսօր բազմաթիվ մարդիկ, որոնք հայտնի են որպես քուրդ ալևի, ցավոք սրտի, հավատափոխ հայեր են։ Մեր երկիրը մասնատել ձգտող PKK և TIKKO կազմակերպության անդամներից շատերը հենց այս հայերն են։ Այսինքն, ինչպես և մենք կարծում էինք, PKK-ն և TIKKO-ն իրականում քրդական շարժումներ չեն»։

Այս խոսքերն անմիջապես ունեցան ինչպես դրական, այնպես էլ բացասական արձագանքներ։ Այսպես, Հալաչօղլուի դեմ հանդես եկան բազմաթիվ արևիական կազմակերպություններ, մտավորականներ, պատմաբաններ՝ նրան որակելով ռասիստ, ոչ օբյեկտիվ և անհիմն խոսող «գիտնական»։ Օրինակ` «Հյուրիյեթ» թերթի լրագրող Մեհմեթ Յըլմազը հարց էր տալիս, թե ինչու պետք է այդ հայերը փոխեին իրենց անունները և ներկայանային որպես մուսուլմաններ։ Իսկ հայտնի գրող և լրագրող Մուրաթ Բելգեն արտահայտեց այն միտքը, թե իսլամ ընդունելու միջոցով փրկված այդ 100 հազար հայերի նման քայլը պատկերացում է տալիս, թե ինչ է եղել նրանց հետ, ովքեր չեն դիմել այդ քայլին։

 Հալաչօղլուի դեմ հանդես եկան դատական հայցով, շատերը սկսեցին պահանջել նաև նրա հրաժարականը։ Այս ամենը «ստիպեց» Հալաչօղլուին մամլո ասուլիս հրավիրել և մեկնաբանություններ տալ։ Մասնավորապես, նա նշեց, թե չի պնդել, որ բոլոր քրդերն ունեն թուրքմենական ծագում, կամ բոլոր արևիներն են հայ, սակայն ինքն ունի փաստեր, որոնք ապացուցում են, որ 1915թ. «տեղահանության» ժամանակ շատ հայեր առերես ընդունել են իսլամ` աքսորից փրկվելու համար, և նման մարդիկ մեծ թիվ են կազմում հատկապես քուրդ ալևիների շրջանում։ 

Հալաչօղլուն ավելացրեց, որ ունի հավատափոխ բոլոր հայերի ցուցակը և տիրապետում է նրանց մասին մանրամասն տվյալների։ «Իմ ձեռքին կան 100 հազար հավատափոխ հայերի մասին մանրամասներ. նրանց նախկին հայկական անունը, թուրքական անունը, բնակության վայրը և այլն»,- հայտարարեց նա՝ միևնույն ժամանակ ասելով, որ դա չպետք է ընկալվի որպես սպառնալիք։ Բացի այդ, ըստ Հալաչօղլուի՝ ինքը և իր ղեկավարած Թուրքական պատմական ընկերությունը «Հայերի դեմ իրականացրած ցեղասպանության պնդումների դեմ մի ամրոց է», և ներկայումս նա իր աշխատանքներում փորձում է տալ հայկական կողմի այն հարցի պատասխանը, թե ուր են մինչև 1915թ. այդ տարածքներում ապրող 1 500 000 հայերը։ «Իրականում ո՞ւր են այդ հայերը, ես որպես գիտնական արդյոք պարտավոր չե՞մ սա ուսումնասիրել»,- նկատել է պատմակեղծարարը։ Հալաչօղլուն գտնում է, որ հավատափոխ հայերի մասին իր այս «գիտական աշխատանքը» հենց այդ հարցի պատասխանն է, և մատնացույց անելով մահից փրկվելու համար ստիպված իսլամ ընդունած հայերին՝ ասում է. «Ահա այդ «անհետացած» հայերը, նրանք չեն կոտորվել, և նշանակում է, որ հայկական կողմը մինչև այսօր սուտ է խոսել։ 

Իմ ասածներն ուղղակի ոչնչացնում են հայկական սփյուռքի պնդումները»։ Նշենք նաև, որ բազմաթիվ կառույցներ, քաղաքական գործիչներ, կազմակերպություններ հանդես եկան ի պաշտպանություն «հալածյալ» Հալաչօղլուի և ընդդեմ նրա նկատմամբ «լինչի դատաստանի»։ Մամուլում նույնիսկ սկսեց շրջանառվել այն միտքը, թե միգուցե այս «լինչի» ակցիան ուղղորդված է հենց ծպտյալ կամ հավատափոխ հայերի կողմից։ Հալաչօղլուն չբացառեց նաև այդ վարկածը։ Այդ օրերին թուրքական պետությունում շատերն անդրադարձան հայերի կրոնափոխության հարցին` պաշտպանելով Հալաչօղլուի տեսակետը։ Օրինակ, թուրք պատմաբան Աբդուռահման Քություքը, հաստատելով, որ իրականում նման բան տեղի է ունեցել, ավելացրել է. «Կիլիկիայում հայերի հավատափոխության դեպքեր գրանցվել են 1909 և 1915 թվականներին»։ Միայն նշված տարեթվերն արդեն փաստում են, որ այդ կրոնափոխություններն անմիջականորեն կապված են 1909թ. կիլիկեհայության կոտորածների և 1915թ. Հայերի ցեղասպանության հետ։ Եվ ի վերջո հայտնի փաստ է, որ ցեղասպանությունից ազատվելու համար որոշ հայեր իրոք դիմել են արտաքուստ կրոնափոխության քայլին, բայց Հալաչօղլուի պնդումները, թե այդպիսով բոլոր հայերն ազատվել են կոտորածից և ցեղասպանություն չի եղել, դուրս է ոչ միայն գիտականության, այլև տրամաբանության սահմաններից, ուստի ուղղակի անիմաստ է նույնիսկ մեկնաբանել նման պնդումները։ 

Գալով քուրդ ալևիների, զազաների շրջանում հավատափոխ հայերի առկայության խնդրին՝ նշենք, որ դա հաստատող փաստեր կան, և 1915թ. Հայերի դեմ իրականացրած ցեղասպանության տարիներին իրոք բազմաթիվ հայեր ապաստան են գտել Դերսիմի ալևիների մոտ։ Թուրքական աղբյուրները նույնիսկ նշում են, որ այդտեղ ապաստանած հայերի թիվը մոտավորապես եղել է 50 հազար։ Հատկապես Դերսիմի ընտրությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ պատերազմի մեջ գտնվող օսմանյան բանակը շատ մեծ վերահսկողություն չի ունեցել այդ տարածքների վրա, ինչն էլ հնարավորություն է տվել տեղացիներին պատսպարել հայերին։ Արևմտյան Հայաստանի դերսիմցի արևիների հետ մեր անձնական շփումների արդյունքում տեղեկացել ենք, որ, օրինակ, մինչև այսօր էլ նրանց շրջանում տարածված է մի դարձվածանման միտք՝ «Մեր տան հայը», որը կարելի է ընդունել հայերին իրենց տներում ապաստան տալու ուղղակի վկայություն և հիշողություն։ 

Ինչպես վկայում են տարբեր փաստեր, թուրքական Կառավարությանը միշտ իր ուշադրության կենտրոնում է պահել հավատափոխ կամ ծպտյալ հայերի խնդիրը և պարբերաբար մանրամասն ուսումնասիրություններ իրականացրել։ Հայտնի է, որ դեռևս Թալեաթը հատուկ ուշադրություն է դարձրել Հայերի դեմ իրականացրած ցեղասպանության տարիներին հայերի կրոնափոխության հարցին` փորձելով կանոնակարգել այն։ Նույն Հալաչօղլուն մեջբերում է պետության կողմից 1936-37թթ. կատարած ուսումնասիրության արդյունքները, որտեղ մանրամասն ներկայացված են հավատափոխ հայերի բնակության վայրերը, գյուղերը, թաղամասերը, այդ մարդկանց նախկին հայկական և հետո արդեն թուրքական անունները։ 

Կառավարության կողմից մանրամասն փաստեր հավաքելը, հատկապես Դերսիմ նահանգում ապրող հավատափոխ հայերի մասին, մեր կարծիքով՝ ունեցել է կոնկրետ նպատակ։ Հայտնի է, որ 1938թ. թուրքական Կառավարությանը կազմակերպել է կոտորած Դերսիմում, և պատմելով այդ կոտորածի մասին՝ մեր զրուցակից դերսիմցի շատ արևիներ մեջբերում էին իրենց ավագներից ու կոտորածի ժամանակակիցներից լսածները, որոնց համաձայն՝ այդ ժամանակ թուրքական բանակի թիվ մեկ թիրախը 1915-ին այնտեղ ապաստան գտած հայերն էին։ Ինչպես նշեց մի տարեց զրուցակից, «1915-ին կիսատ թողածը շարունակեցին 1938-ին, և այդ կոտորածի ժամանակ սպանվեցին բավական մեծ թվով հավատափոխ հայեր»։ Ի մի բերելով այս ամենը՝ կարելի է եզրակացնել, որ, փաստորեն, թուրքական Կառավարությանը 1936-37թթ. հավատափոխ հայերի մասին մանրամասն տվյալներ հավաքելով՝ 1938-ին իրականացրել է նրանց մի մասի կոտորածը Դերսիմում։