Jnews.ge կայքի փոխանցմամբ՝ օգոստոսի 27-ին, մեծանուն աշուղ Ջիվանու հայրենի գյուղում առանձնակի շուքով ու հանդիսավորությամբ նշվեց Ջիվանու օրը: Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղի բնակչությունն ավանդաբար հուլիսյան վերջին օրերից մեկը նվիրում է հայ մեծ աշուղ Ջիվանու մեծարմանը, սակայն այս տարի բեմի նորոգման պատճառով օգոստոսի 27-ին նշեցին։
Տոնական օրվա մեկնարկը տրվեց ծաղիկներ խոնարհելով գյուղամեջում կանգնեցված Ջիվանու արձանին, որից հետո տոնախմբության մասնակիցները շարժվեցին դեպի աշուղ Ջիվանու տուն-թանգարան, որտեղ ծանոթացան աշուղի կենսագրությանն ու թողած մշակութային ժառանգությանը: Ջիվանու մեծարմանը նվիրված տոնահանդեսին վերստին տարածվեց նրա երգն ու երաժշտությունը: «Ջիվանու օր»-ն իր անզուգական կատարումներով գեղեցկացրեցին Ախալքալաքի Մշակույթի տան «Ջիվանի», «Ջավախք» անսամբլները՝ Աշուղ Ալիք Ջավախքի ղեկավարությամբ: Բեմում Հայաստանի Հանրապետության Հանրային ռադիոյի «Սայաթ Նովա» անսամբլն էր ջիվանական երգ ու տաղով։ Հնչեցին Ջիվանու և այլ աշուղների սիրված երգեր։