ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը մտահոգություն  է հայտնում Բերձորի ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Մասնավորապես, Դունյա Միյատովիչը նշել է, որ շարունակում է լրջորեն մտահոգված լինել 2022 թվականի դեկտեմբերից Բաքվի կողմից Լաչինի միջանցքով անցնող ճանապարհի արգելափակումից հետո Արցախում տիրող հումանիտար իրավիճակով և բնակչության իրավունքներով։ 

«Չնայած իմ և բազմաթիվ այլ միջազգային շահագրգիռ կողմերի կոչերին՝ հումանիտար և մարդու իրավունքների իրավիճակը այդ շրջանում ավելի է վատթարացել՝ ազդելով հատկապես առավել խոցելի խավերի վրա՝ մարդկանց տեղաշարժի երկարատև խափանումների, սննդի մատակարարումների և շտապ բժշկական օգնության հասանելիության խաթարման պատճառով։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ), որն այս պահին միակ միջազգային մարդասիրական կազմակերպությունն է, որը գործում է Բերձորի ճանապարհին, նշել է, որ բնակչությունը բախվում է կենսական դեղամիջոցների և առաջին անհրաժեշտության իրերի բացակայության խնդրին»- ասել է Հանձնակատարը։ Միյատովիչը նշել է, որ «շահագրգիռ կողմերը պետք է անհապաղ լուծում գտնեն` խուսափելու համար տեղի բնակչության համար շատ վտանգավոր իրավիճակի հետագա վատթարացումից և երաշխավորեն մարդասիրական օգնություն տրամադրողների և մարդու իրավունքների պաշտպանությունն ապահովողների անվտանգ և ազատ տեղաշարժը»։