Պատերազմից երկու օր առաջ՝ սեպտեմբերի 25-ին՝ուրբաթ օրը, Խորեն Օհանյանը դիրքերից տուն էր եկել։ Սեպտեմբերի 27-ի առավոտյան տագնապ հրամանով նորից բարձրացել էր դիրքեր։ Նրա որդին՝ 10-ամյա Արտյոմը, բոլորից լավ գիտեր հոր հերթափոխի օրերն ու զարմացել էր, թե ինչու հայրը նորից գնաց, դեռ օրը չէր։

 Նրա կինն ու երկու որդիները՝ 13-ամյա Ռոբերտն ու 10-ամյա Արտյոմը, սեպտեմբերի 28-ին տեղափոխվել էին Երևան։ Խորեն Օհանյանը կոչումով փոխգնդապետ էր, Հադրութի գնդի առաջին գումարտակի հրամանատարը։ Նա զոհվեց զինադադարի օրը՝ նոյեմբերի 10-ի գիշերը, ԱԹՍ-ի հարվածից Մարտունի-Ճարտար հատվածում։

Խորենի ընտանիքը վերջին տարիներին ապրում էր Հադրութում, ծնունդով Հադրութի շրջանի Ազոխ գյուղից են։ 

Պատերազմի օրերին ամուսնու հետ խոսելիս Արմինեն վստահ է եղել՝ նրա հետ ամեն ինչ կարգին կլինի, Խորենը միշտ կնոջը հավաստիացրել է, թե ապահով տեղում է։

«Ես էի ջղայնանում, ասում էի՝ Խորեն, էնպես ես խոսում, ասես ոչ մի բան չկա, միշտ տրամադրությունդ լավ, միշտ դուխդ տեղը, ասում էր՝ որ տխրեմ, ի՞նչը կփոխվի, բա որ ես տխրեմ, էս զինվորները դուխաթափ չեն լինի՞, ես պիտի օրինակ ծառայեմ, չէ՞»,-վերհիշում է Արմինեն։

Խորենի գտնվելու վայրերի մասին ոչինչ հայտնի չի եղել, երբ Արմինեն հարցրել է, ամուսինը պատասխանել է. «Կարևորը՝ ողջ եմ, որ ասեմ, ի՞նչ պիտի փոխվի»։

Ամուսնու զոհվելուց հետո զինակից ընկերներից են տեղեկացել, որ Խորենը պատերազմի օրերին եղել է Հադրութում, ապա Մատաղիսում ու Մարտունիում։

Արտյոմը մինչ օրս հիշում է հոր հերթաափոխի օրերը, Խորենը սովորաբար ուրբաթ օրերին էր դիրքերից տուն գալիս, մորն ու եղբորը հիշեցնում է՝ եթե հայրը ողջ լիներ, ուրբաթ տուն կգար։ Ամուսնու հետ Արմինեն վերջին անգամ խոսել է նոյեմբերի 9-ի երեկոյան, ժամը 21։00-ին։ Իրեն բնորոշ հանգստությամբ Խորենը կնոջն ասել է, որ ամեն ինչ կարգին է, Մարտունիում է։ Այդ օրը երկար են խոսել, Խորենը բոլորի մասին հարց ու փորձ է արել, հետո կնոջն ասել, որ շուտով իրեն հեռուստացույցով ցույց են տալու։ 

«Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշան ստացավ, բայց դե դա ինձ պետք չի, ինձ ինքն էր պետք, որ կողքիս լիներ, որ մեր երեխաներին իրենց նպատակին հասցնեինք..»,-Խորենի նկարները թերթելով՝ պատմում է Արմինեն։

Խորեն Օհանյանը 36 տարեկան էր, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ավարտելուց հետո աշխատանքի էր անցել Իվանյանի զորամասում, ապա՝ Հադրութի գնդում։