Ի վերջո, ինչի՞ հետ էր կապված այս ամբողջ աղմուկը, որը բարձրացավ թուրքական կառավարությունում Հալաչօղլուի հայտարարությունից հետո, և արդյո՞ք սա ուղղորդված էր իշխանության կողմից, թե՞ ոչ։ 

Ըստ Հալաչօղլուի՝ իր այս հետազոտությունը որևէ կապ չունի իշխանությունների հետ և ունի զուտ գիտական ուղղվածություն։ Բայց նաև ավելացնում է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է այս ամենը տրամադրել կառավարության օղակներին։ 

Լինելով «պալատական» պատմաբան՝ Հալաչօղլուն հայտնի է իր սկանդալային և ոչ գիտական հայտարարություններով, որոնք, որպես կանոն, միշտ գտնում են լայն արձագանք, ինչն էլ, իր հերթին, մեծապես կապված է նրա զբաղեցրած պաշտոնի հետ, ինչպես նաև հաճախ առաջ է գալիս արհեստականորեն և ուղղորդված։ Կոնկրետ վերջին հայտարարությունը չի կարելի համարել սենսացիոն, որովհետև, ըստ էության, Հալաչօղլուն որևէ նոր բան չի ասել։ 

Իսլամացած հայերի գոյությունը վաղուց հայտնի փաստ է, իսկ հայտարարության մյուս մասը, թե սա սպառիչ պատասխան է հայկական կողմին, լուրջ չեն ընդունում անգամ իրենք՝ թուրքերը, և, ինչպես իրավացիորեն նկատել էր մի թուրք լրագրող, «Ինչ մեղք է Թուրքական կառավարությունը, եթե Հայկական հարցում իրոք առաջնորդվում է Հալաչօղլուի խորհուրդներով»։ Նոր չէին նաև Հալաչօղլուի հայտարարությունները տարբեր ծայրահեղական կառույցներում ծագումով հայերի առկայության մասին։ 

Տարիներ շարունակ թուրքական մամուլը, բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ և քաղաքական գործիչներ խոսում են այդ մասին, տարբեր մարդկանց վերագրում հայկական ծագում (այդ թվում՝ Աբդուլահ Օջալանին), նշում, որ սպանված շատ քուրդ ահաբեկիչներ թլպատված չեն և այլն։ Հալաչօղլուի հայտարարությունից արհեստական մեծ արձագանք ստեղծելու մեջ, բնականաբար, մեծ էր մամուլի դերը, և թուրքական գրեթե բոլոր թերթերն իրենց առաջին էջերում, հեռուստաընկերությունները լրատվական թողարկումներում անդրադառնում էին այս խնդրին։ Մինչդեռ Հալաչօղլուից ավելի վաղ նույն թեմայով բազմիցս արտահայտվել էր և ավելի կոշտ հայտարարություններ արել թուրք մեկ այլ պատմաբան` պրոֆեսոր Սալիմ Ջյոհջեն, որն ավելի խորությամբ է զբաղվում ծպտյալ և իսլամացած հայերի խնդրով, սակայն նրա մտքերը և հայտարարությունները մամուլում շատ մեծ արձագանք չգտան։ 

Հալաչօղլուի հայտարարությունը և դրա լայն արձագանքը մեկ անգամ ևս ցույց են տալիս, որ կրոնափոխ և ծպտյալ հայերի թեման գտնվում է թուրքական տարբեր շրջանակների ուշադրության կենտրոնում, որոնք արդեն սկսել են դա օգտագործել և շահարկել։ Միևնույն ժամանակ, չի կարելի բացառել, որ «պալատական» պատմաբանի հիշյալ հայտարարությունը կարող էր ունենալ այդ օրերի քաղաքական զարգացումներից հասարակության ուշադրության կենտրոնացումը թուլացնելու նպատակ։