Սեյրանը դեսանտագրոհային վաշտի կազմում պատերազմի առաջին օրվանից մասնակցել է մարտական գործողություններին Թալիշում, Աղդաբանում, Մատաղիսում, հոկտեմբերի 22-ից պաշտպանել են Շեխեր գյուղը: Այնտեղ գտնվելու երրորդ օրը զոհվել է հրետանային արկի պայթունից՝ բեկորը մեջքն է խոցել, վաշտի տղաները Սեյրանին հասցրել են մինչև Շտապ օգնության մեքենան, բայց փրկել չի հաջողվել, բեկորը վնասել է թոքը, Սեյրանը մահացել է հոսպիտալ տանող ճանապարհին:
Լոռու Մարզի Թումանյան համայնքում ապրող ընտանիքի չորս զավակից երկրորդն էր Սեյրանը։ Իններորդ դասարանում որոշել էր դուրս գալ դպրոցից, ընդունվել ռազմական ակադեմիա. զինվորական էր ուզում դառնալ, բայց ծնողները դեմ էին: Ընդունվել է Ալավերդու արհեստագործական ուսումնարան, ծառայությունից հետո ծրագրում էր գնալ հոր մոտ Ռուսաստան՝ շինարարական արտագնա աշխատանքների: «Բանակ գնալուց երկու ամիս առաջ, ընկերների հետ աշխատում էր Քոբայրավանքի վերականգնման շինարարության մեջ, հիմա՝ Սեյրանի զոհվելուց հետո, հաճախ ենք գնում էնտեղ»,- պատմում է մայրը: 2019թ.-ի հունվարին Սեյրանը զորակոչվել է ծառայության Արցախ, իր ցանկությամբ տեղափոխվել է Դրմբոնի դեսանտագրոհային գումարտակ, նռնակաձիգ էր: Ծնողների հետ խոսելիս ծառայությունից միշտ գոհ է եղել. զինվորականի գործը միշտ է սիրել: Պատերազմի առաջին չորս օրը Սեյրանի հետ կապ չեն կարողացել հաստատել (ծանր մարտերի մեջ էին Թալիշում), բայց հոկտեմբերի 2-ից օրը երկու անգամ զանգել և համոզել է տնեցիներին, որ չանհանգստանան, և, որ իրենք մարտական գործողությունների չեն մասնակցում:
Սեյրանի հետ վերջին անգամ հեռախոսով խոսել են հոկտեմբերի 22-ի գիշերը:
«23-ին, 24-ին չզանգեց, մտածում էի երևի հարմար չի, հոկտեմբերի 25-ին էի շատ սպասում որ կզանգի, էդ օրը իր ծննդյան օրն էր, էդ օրը Սերյանս կդառնար քսան տարեկան, բայց չզանգեց, հաջորդ օրը իմացա, որ տղաս զոհվել է»,- պատմում է մայրը:
Սեյրան Սիմոնյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով և Թումանյանի անվան մեդալով, հուղարկավորվել է Թումանյան համայնքում՝ ընտանեկան գերեզմանոցում: