Տարբեր ժամանակաշրջաններում Հայկական լեռնաշխարհ ներխուժած նվաճողները որդեգրել են հայերի ձուլման քաղաքականությունը, ինչի իրագործման հիմնական մեթոդներից է եղել բռնի կրոնափոխությունը։ Տարածաշրջան թյուրքական տարրի ներթափանցման ժամանակ և պետական միավորներ ստեղծելուց հետո բնիկ ոչ մուսուլման բնակչությունը կազմում էր մեծամասնություն, և նվաճողները խնդիր դրեցին փոխել պատկերը ու ստեղծել իսլամադավան մեծամասնություն: Դրա համար անկյունաքարային քաղաքականություն դարձավ բնիկ ժողովուրդների բռնի իսլամացումը: Հայերը լինելով Օսմանյան կայսրության ոչ մուսուլման հիմնական ազգերից մեկը` պարբերաբար ենթարկվել են բռնի իսլամացման, որը տարբեր ժամանակներում տարբեր ծավալներ է ունեցել: Հայտնի է, որ հազարավոր հայերի բռնի իսլամացում է եղել նաև 1915-23 թթ. Հայերի դեմ իրականացրած ցեղասպանության տարիներին։ Ցեղասպանության ժամանակ առևանգման և իսլամացման թիվ մեկ թիրախը, կարելի է ասել, եղել են հայ կանայք և աղջիկները: Առևանգելով նրանց` մուսուլմանները նախ` ազատվում էին ամուսնությունների ժամանակ վճարվող «գլխագնի» ծանր ֆինանսական բեռից և, բացի այդ, համալրում իրենց հարեմները: Իսլամացված հայ կանանց մասին բավական թվով փաստեր են ի հայտ գալիս ավելի ուշ, երբ Առաջին համաշխարհային պատերազմում պարտված Օսմանյան կայսրությանը պարտադրվում է քայլեր անել մուսուլմանների տներում պահվող հայ կանանց վերադարձնելու ուղղությամբ: Այն, որ շատ հայուհիների համար մուսուլմանների հետ ամուսնանալուց հետո կյանքը հագեցած է եղել տարատեսակ տրավմաներով, կասկածի ենթակա չէ և Եվրոպայում բնակվող թուրք ուսումնասիրող Ուղուր Ունգորի կատարած դաշտային-հետազոտական աշխատանքների ընթացքում արված մի հարցազրույցում բավական ուշագրավ և խոսուն փաստի ենք հանդիպում: Ունգորի հետ զրուցած ծագումով Վանից մի քուրդ քաղաքական գործիչ ասել է, որ իր տատը հայուհի է եղել: Այնուհետև վերոհիշյալ քաղաքական գործիչը հավելել է որ ինքը. «երբեք չէր հասկանում, թե ինչու մռայլ և ընկճված կինը միշտ իր սեփական ընտանիքն անիծելիս նրանց անվանում էր «քուրդ սրիկաներ»:  

Ցեղասպանության տարիներին հայ կանանց բռնի իսլամացման հետևանքով այսօր օկուպացված Արևմտյան Հայաստանում ձևավորվել է հասարակության մի շերտ, որն ունի հայկական ծագում, հատկապես հայ տատիկներ: Հրանտ Դինքն այս առիթով ասել է. «Այսօր, երբ շրջում եք Արևմտյան Հայաստանով, գրեթե ամեն վայրում, մի շարք ընտանիքներում կարող եք հանդիպել մարդկանց, որոնք ասում են. «Իմ պապը, տատը հայ էին» : Այսօր օկուպացված Արևմտյան Հայաստանում   հայ տատիկներ ունենալու հանգամանքն այնքան տարածված է, որ դարձել է նաև ժամանակակից թուրքական փաստագեղարվեստական գրականության նյութ։