Ֆրանսիայից ժամանած մարդասիրական ավտոշարասյունը ֆրանսիական խոշորագույն քաղաքների քաղաքապետերի ուղեկցությամբ դուրս է եկել Կոռնիձորից և շարժվել դեպի Հաքարի կամուրջ, գրում է step1.am-ը։ Ավտոշարասյանը ուղեկցում են մի խումբ բռնի տեղահանված անձինք Արցախից, ովքեր ցանկանում են գնալ իրենց հարազատների մոտ։ Ինչպես ասաց «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ նախագահ Մարգարիտա Քարամյանը, իրենք գտնվում են Կոռնիձորում, որտեղ վրաններ են տեղադրված։Հուլիսի 22-ին արցախցի մի խումբ ներքին տեղահանվածներ լրագրողների ուղեկցությամբ գնացել են Հաքարի կամուրջ՝ ռուս խաղաղապահներից պահանջելով իրենց ուղեկցել Արցախ՝ իրենց ընտանիքներին վերամիավորվելու համար։ Խաղաղապահները հրաժարվել են։ Այդ ակցիայից հետո միջազգային կազմակերպությունները համոզվեցին, որ Բաքվի հայտարարությունները միջանցքի բաց լինելու մասին կեղծ են։