2020թ․-ի նոյեմբերի 14-ին Հադրութի գնդի հակատանկային մարտկոցի ավագ սերժանտ Էդգար Դոլուխանյանի 20-ամյակն էր, նա Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղից էր։ Հենց այդ օրն էր, որ Էդգարի ընտանիքը նոյեմբերի 9-ի հրադադարից հետո առաջին անգամ վերադարձավ գյուղ, եկել էին նաև նրա ծառայակիցները։ Էդգարը զոհվել է 2020թ․-ի հոկտեմբերի 9-ին Կարախանբեյլի գյուղի մոտակայքում: Ծնողների երեք զավակից միակ տղան էր Էդգարը։ Պատերազմի օրերին հայրը՝ Արցախյան առաջին պատերազմի ազատամարտիկ Ռևա Դոլուխանյանը, անկախ նրանից, որ Էդգարը չէր պատմում մարտական գործողություններից, ծանր մարտերից՝ հասկանում էր պատերազմի մասշտաբները և վտանգը։ «Սեպտեմբերի 27-ն էր, զանգեց տղաս, միակ բանը, որ ասեցի էդ էն էր՝ ինչ էլ լինի, Էդգար, այնպես արա, որ գլուխներս բարձր քայլենք պատերազմից հետո»,- հիշում է հայրը։

Պատերազմի ժամանակ Էդգարը գրեթե ամեն օր գոնե մի քանի վայրկյանով կապվել է ընտանիքի հետ՝ հավաստիացնելու համար, որ լավ է։

«Սեպտեմբերի երեսունն էր, զանգեց ասեց՝ պապ, էսօր էլ բախտս փորձեցի, մի տանկ եմ խփել, մեր կամբատն ասեց՝ անվճար եմ սովորելու։ Մայրն էլ կողքից, թե ես քեզ մատաղ, դու արի, վարձիդ մասին մի՛ մտածիր»,- պատմում է հայրը՝ Ռևան։

Էդգարի հետ վերջին խոսակցությունը եղել է հոկտեմբերի 8-ին։ Էդգարի մարմինը ընտանիքը գտել է երեք օր հետո՝ հոկտեմբերի 12-ին, նույն օրն էլ նրան հուղարկավորել են․ «Այդ օրը տղաս մեր տանն ընդամենը երկու ժամվա հյուր էր։ Գյուղում շատ քիչ մարդիկ կային, նույնիսկ մի ծաղիկ չկար, որ տանեի Էդգարիս»,- հիշում է մայրը։

Պատերազմը բոլոր հնարավոր միջոցներով հասել է այս ընտանիքին։ Էդգարի զոհվելուց հետո՝ հոկտեմբերի 23-ին, Ճարտարում զոհվել է նրա մորաքրոջ որդին՝ պայմանագրային զինծառայող Յուրա Հայրապետյանը, այնուհետև՝ նոյեմբերի 8-ին Մարտունիում հորաքրոջ որդին՝ կամավոր մեկնած Հայասեր Հովսեփյանը։ Էդգար Դոլուխանյանը հետմահու արժանացել է «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի։