Ցեղասպանությունը վերապրած հայերի հիշողությունների վերլուծությունը թույլ է տալիս մասնագետներին եզրակացնել, որ դրանք մեծապես «ցեղասպանության պատճառած կոլեկտիվ և անձնական տրավմայի հիշողություն է»: Հայկական ընտանիքներից խլված կամ ընտանիքները կորցրած կանայք և երեխաները, փոխելով կրոնը, լեզուն, կենսամիջավայրը, ապրելով կոտորածների և աքսորի զրկանքները, բնական է, որ ենթարկվել են բազմաթիվ տրավմաների, որոնք տարիներ շարունակ ուղեկցել են նրանց: Տրավմատիկ հիշողությունները բազմաշերտ հետևանքներ են ունենում անհատի ու հասարակության վրա և դրանցից են տրավմայի առաջացրած հոգեկան ու հոգեբանական խնդիրները: Ընդունված է կարծել, որ տրավմայից ազատվելու կամ այն բուժելու տարածված ձևերից մեկը այդ մասին պատմելն է, որը կարող է բերել հոգեվիճակի թեթևացման, սակայն այս մեթոդն ապահովագրված չէ նաև հակառակ էֆեկտներից: 

Օրինակ` Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը գերմանաբնակ թուրք գրող Քեմալ Յալչընի «Արևմտյան Հայաստանի զավակները. դարի վկաները» գրքում պատմում է մի դեպք, որը տեղի է ունեցել 1970-ականների սկզբին Մարսելում: Ըստ Գարեգին Սրբազանի, Մարսելի հայ համայնքում եղել են ցեղասպանությունը վերապրած հայեր, որոնցից մեկը ծագումով Կարինից 80-ն անց մի հայ շարունակ պատմել է իր ապրած սարսափները: Գարեգին Բեքչյանը խորհուրդ է տվել նրան իր հուշերը հանձնել թղթին, սակայն այդ ամենը գրի առնելուց մի քանի ամիս անց, ցեղասպանությունը վերապրած մարդը հոգեկան խանգարում է ստացել և երբ նրա երեխաները բժշկի են տարել` եզակացությունը եղել է հետևյալը. «Անցյալի ցավալի դեպքերը հիշելը խախտել է նրա հոգեկան հավասարակշռությունը»: Ցեղասպանությունը վերապրած Կարինցու վիճակը հետզհետե վատացել է և ի վերջո նա ինքնասպան է եղել: