Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարական է տվել, այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահը։

«Այսօր աշխարհում ձևավորված աշխարհաքաղաքական անկայուն վիճակը, տարածաշրջանային իրադարձություններն ու կանխատեսվող զարգացումները, Արցախում և դրա շուրջ տեղի ունեցող երևույթները, արցախյան ներքաղաքական ու ներհասարակական մթնոլորտն ուղղակիորեն հուշում են, որ առկա է մոտեցումների ու քայլերի փոփոխության, ճկունություն դրսևորելու անհրաժեշտություն: Նշվածին հասնելու համար Արցախում անհրաժեշտ է հիմնական դերակատարների փոփոխություն՝ սկսած ինձնից»,- գրել է Հարությունյանը: Նա նշել է, որ 2020թ. մայիսի 21-ին ստանձնել է նախագահի լիազորությունները, հաջորդ իսկ օրվանից անցել Արցախի պաշտպանունակությունն ամրապնդելու, Արցախի սահմանների անառիկությունն ապահովելու գործին: «Ցավոք, ընդամենը չորս ամիս անց Ադրբեջանի կողմից սանձազերծվեց 44-օրյա պատերազմը, որն ավարտվեց մեր պարտությամբ: Իհարկե, կարելի է պարտության ողջ մեղավորությունը բարդել Արցախի չորսամսյա նախագահի վրա, և ես ամենևին չեմ հրաժարվում պատասխանատվությունից, բայց, հավատացեք, մեզանից յուրաքանչյուրն ուներ պատասխանատվության իր բաժինը՝ ամեն մեկն իր կարգավիճակի ու կարողությունների չափով: Բոլոր դեպքերում, ես մի քանի անգամ հայտարարել եմ, հիմա հրապարակայնորեն կրկին ներողություն եմ հայցում հայ ժողովրդից՝ մեղավորության իմ բաժնի համար, բայցև նորից հավաստիացնում եմ, որ 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում ես ձեռնարկել եմ բոլոր քայլերն իմ ուժերի ու փաստացի լիազորությունների սահմաններում, գուցեև ավելին»,- նշել է Հարությունյանը: Նրա խոսքով՝ իրավիճակը ոչ պակաս բարդ էր նաև 44-օրյա պատերազմից հետո, և ստեղծված իրավիճակը պակաս պատասխանատվություն չէր պահանջում: Հարությունյանն ընդգծել է, որ Արցախը կանգնած էր կործանման եզրին, և կրկին ներքին կայունությունն ու ամրությունն ապահովելու ծայրահեղ անհրաժեշտություն կար:

Նա հավելել է, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների, ներքին կայունությունն ու հանրային համերաշխությունը բոլոր հաջողությունների նախապայմանն է, որից ցանկացած շեղում կամ շեղման փորձ պետք է բացառվի և խաղաղություն, բարօրություն ու հավերժականություն է մաղթել Արցախ աշխարհին ու հայ ազգին: