Ռազմաճակատում Յուրիին նաեւ Մոնթե անունով էին դիմում։

«Համարձակության համար»,- ասում է հայրը։ Յուրին զորակոչվել էր 2019 թ․ հունիսի 5-ին։ Յուրին ծառայում էր Արցախի Մարտունու 2-րդ պաշտպանական շրջանում (Մարտունի-2)։ Հրետանավոր էր։  

Ամսի 27-ին Յուրիի՝ նույնպես Արցախում ծառայող դասընկերոջ ծնողները պետք է որդուն տեսակցության գնային։Յուրաի Մայրը պատմում է , թե ինչպես իմացան պատերազմի մասին․ «Որ Մարտունի էինք գնում, միշտ գիշերն էինք դուրս գալիս, որ լուսադեմին հասնենք, ամբողջ օրն անցկացնենք այնտեղ։ Ամսի 27-ին՝ ժամը 07։30-ին, Յուրիի դասընկերոջ ծնողները զանգեցին։ Ես էլ ասում եմ՝ Նելլի, դե տուր խոսեմ Յուրիի հետ։ Ասեց՝ պատերազմ ա սկսվել, չենք կարողացել գնալ»։ Նույն օրը Յուրին զանգել էր հորը, ասել, թե պետք չի անհանգստանալ։

Յուրին Դ-20 հրանոթի հաշվարկի հրամանատար էր։ Մինչեւ պատերազմը նրան ցանկացել էին սերժանտի կոչում շնորհել, բայց հրաժարվել էր՝ ասելով, որ կկատարի բոլոր պարտականությունները, բայց առանց կոչումի։

Հայրը պատմում է, որ ըստ զինվորականների՝ Յուրին Դ-20 հրանոթից թշնամու ուղղությամբ առանց դադարի 140 արկ է արձակել, այնինչ, ըստ կարգի, 40 արկից հետո անհրաժեշտ է զենքին դադար տալ, որ շարքից դուրս չգա, մաքրել փողը ??։ Հրանոթի պարանը անընդհատ քաշելուց Յուրին աջ ձեռքը վնասել էր ու վիրակապել։ 

Հայր ու որդի շատ մտերիմ էին։ Մհերն ասում է՝ ծառայության ժամանակ օրական 4-5 անգամ հեռախոսով խոսում էին, բայց պատերազմի մասին Յուրին ոչինչ չէր պատմում։ Մայրը հիշում է, որ որդին հորն անընդհատ հորդորում էր չանհանգստանալ, գոտեպնդում, որ ամեն ինչ լավ է լինելու։

«Մարգարեություն բառը կա՞։ Ես լրիվ զգում էի։ Հոկտեմբերի 23-ին արդեն տագնապի մեջ էի։ Երբ իմ սենյակից մտա հյուրասենյակ, Յուրիին տեսա՝ էստեղ նստած էր ֆորմայով։ Ու իմ ներսում ասեցի՝ Յուրիի հետ բան ա կատարվել»,- վերհիշում է հայրը։ Նույն օրը Յուրին եւս 4 հոգու հետ զոհվել է Մարտունի-2-ի դիրքերում թշնամու ինքնաթիռի արձակած ռումբից։ Ծնողներն այդ մասին իմացել են հաջորդ օրը։Յուրին հետմահու արժանացել է Արցախի «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ու «Մարտական ծառայություն» մեդալի, պարգեւատրվել է նաեւ Կապան համայնքի «Կապան» մեդալով։