Արդեն հրապարակում կան տասնյակ փաստագեղարվեստական ստեղծագործություններ, որոնց գլխավոր հերոսը բռնի իսլամացված հայ կինն է` իր բարդ հոգեբանական աշխարհով։ Չնայած իսլամացված հայ կանանց կերպարների միջև եղած որոշ տարբերությունների, կան նաև մի շարք ընդհանուր գծեր: Ուշադրություն է գրավում հատկապես այն, որ ամբողջ կյանքում իրենց ուղեկցող տրավմատիկ հիշողությունների մասին այդ կանայք նախընտրել են բարձրաձայնել առավելապես կյանքի վերջում: Այսինքն` ամբողջ կյանքում թաքցրել են դա` վախենալով կամ գուցե չուզենալով ցավ պատճառել իրենց զավակներին։ Կա նաև անցյալի ցավալի հուշերը թաքցնելու մեկ այլ կարևոր պատճառ, այն է` նրանք չեն գտել մի հարմար զրուցակից, ում կկարողանային վստահել իրենց գաղտնիքը: Նմանատիպ պատմությունների համար ընդհանրական է այն, որ պատմելով ամբողջ կյանքում թաքցրած տրավմատիկ հիշողությունների մասին` վերապրած հայուհիները, գուցեև ենթագիտակցորեն ցանկացել են ազատվել այդ բեռից կամ թեթևացնել այն։ Ուշագրավ է նաև այն, որ այդ տրավմատիկ հուշերի ունկնդիր թոռները ևս դառնում են տրավմայի յուրահատուկ կրող և արդեն իրենք են ձգտում ազատվել դրա բեռից: Որպես սա հաստատող օրինակ կարող ենք դիտարկել Ֆեթհիյե Չեթինի հայտնի «Մեծ մայրս» գրքի տպագրումից հետո նրան հանդիպած բազմաթիվ իսլամացված հայերի զավակների, թոռների ապրումները, որոնցից մեկը պատմելով իր մոր դառը կյանքի պատմությունը` վերջում խոստովանել է. «Այս գիշեր կը կարողանամ հանգիստ քուն քնել»: Իսլամացված հայ կանանց վերաբերյալ գրքերում աչքի են զարնում տատեր-թոռներ հարաբերությունը, փոխադարձ կապվածությունն ու վստահությունը, ինչը, կարելի է ասել, այս թեմային բնորոշ կարևոր առանձնահատկություններից է: Տարբեր ժողովուրդների գրականությունների մեջ տարածված և գրականագիտության խընդիրներից մեկը՝ հայրեր-որդիներ խնդիրը, թուրք գրականության մեջ իսլամացված հայ կանանց մասին պատմող ստեղծագործություններում վերածվել է յուրահատուկ` տատեր-թոռներ խնդրի: Թուրք գրաքննադատ Օմեր Թուրքեշը ցեղասպանության տրավմատիկ հիշողությունները համարում է յուրահատուկ ժառանգություն, որը տատերը թողնում են թոռներին: : Ինչպես նշում են շատ մասնագետներ, ցեղասպանության տրավմատիկ հիշողությունն ուղեկցում է հայության տարբեր սերունդներին և դրսևորվում յուրովի` կախված ժամանակից և հանգամանքներից: Հրանտ Դինքն այս մասին գրում է. «Մինչև սերնդից սերունդ մեր փոխանցվող տրավմայից չազատվենք, հնարավոր չէ, որ հայկական աշխարհը հանգիստ ապագա ունենա»: