Այսօր Արցախում իրականացվում է ցեղասպանություն՝ «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում պնդել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն: Հայկական կողմի խնդրանքով նա իր փորձագիտական կարծիքն էր ներկայացրել Բերձորի ճանապարհի արգելափակման և Արցախում ստեղծված հումանիտար աղետալի վիճակի մասին:

Վկայակոչելով 1948 թվականի Ցեղասպանության կոնվենցիայով սահմանված հանցագործության հինգ տարբերակները՝ Օկամպոն առանձնացրեց մի խումբ մարդկանց ոչնչացնելու համար պայմաններ ստեղծելը, որն անգամ չի նախատեսում զոհերի առկայություն: 

«Արդարադատության միջազգային դատարանի 15 դատավորներ միաձայն որոշեցին, որ Բերձորի ճանապարհի արգելափակումն անմիջական վտանգ է ներկայացնում Արցախում բնակվող մարդկանց կյանքին»,- ասաց նա:

Նրա կարծիքով, ադրբեջանական կողմի մտադրություններն ակնհայտ են. Բաքուն շարունակաբար մերժում է Բերձորի ճանապարհը վերաբացելու միջազգային հանրության կոչերը՝ անտեսելով Արդարադատության միջազգային դատարանի որոշումը: Լուիս Մորենո Օկամպոյի պնդմամբ, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան գալով համաձայնության Արցախի հարցում՝ կարող են ճնշում գործադրել Բաքվի նկատմամբ և արագորեն հասնել Բերձորի ճանապարհի վերաբացմանը: