ԱՄՆ Կոնգրեսի՝ Թոմ Լանտոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովը սեպտեմբերի 6-ին կքննարկի Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված իրադրությունը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով հանձնաժողովի տարածած հաղորդագրությունը։

Լսումներին իր փորձագիտական կարծիքը կներկայացնի Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, որն օգոստոսի 7-ին զեկույց էր ներկայացրել՝ շեշտելով, որ «կան ողջամիտ հիմքեր՝ հավատալու, որ 2023 թվականին Արցախում ապրող հայերի դեմ ցեղասպանություն է իրականացվում»:

Իսկ Կոլումբիայի համալսարանում Մարդու իրավունքների ուսումնասիրման ինստիտուտի Խաղաղության կառուցման և մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիպսը վկայություն կտա Բաքվի կառավարության մտադրությանն առնչվող փաստերի մասին։Լսումները կկայանան սեպտեմբերի 6-ին, կհեռարձակվեն հանձնաժողովի կայքում։