
Հայաստանի պատմության թանգարանի և «Թուֆենկյան գորգեր» ընկերության համագործակցությամբ սեպտեմբերի 2-ին` ժամը 18։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Ձայներ հավաքական անցյալից. 19-րդ դարի հայկական գորգարվեստը. նմուշներ Ջեյմս Թուֆենկյան հավաքածուից» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը։ 19-րդ դարի տասնյակ անզուգական հայկական գորգերը, որոնք Ջեյմս Թուֆենկյանը հավաքել է տարիներ շարունակ, արտացոլում են հայկական գորգագործական լավագույն ավանդույթների բազմազանությունը: ԱՄՆ-ից բերված հայկական գորգարվեստի նմուշների այս ընտրանին առաջին անգամ ներկայացվելու է հանրությանը։ Թուֆենկյան ընկերության սեփականատեր, գորգերի փորձագետ և հավաքորդ Ջեյմս Թուֆենկյանի խոսքով՝ նա իր առջև խնդիր չէր դրել հավաքելու հայկական ամենահին, հազվագյուտ ու պատմականորեն ամենանշանակալի գորգերը. «Ընդհակառակը, ես ցանկանում էի հավաքել, պահպանել և աշխարհին ցույց տալ հայկական տնայնագործ գորգերի ամենագեղեցիկ, հմայիչ ու խորհրդավոր նմուշները: Ես հիացած եմ արվեստի այս պատկերավոր նմուշներով և այն հանգամանքով, որ այս գորգերը ստեղծել են ոչ թե հայտնի վարպետներ, այլ 150 տարի առաջ հեռավոր լեռնային վայրերում բնակված հասարակ ջուլհակներ: Նրանք ստեղծել են այս նմուշները, քանի որ սիրել են իրենց արհեստը, հպարտացել իրենց գործով»։