2020 թվականի նոյեմբերի 14-ին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցները ռուս խաղաղապահների միջնորդությամբ Շուշիի վարչակազմի շենքի հարակից տարածքից դուրս են բերել 50-ամյա Արամայիս Մկրտչյանի դին։

Դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ Արամայիսը մահացել է գլխի հրազենային վնասվածքից։ Մարմնի վրա եղել են նաև խոշտանգման հետքեր՝ կտրված են եղել ականջները։

Արամայիս Մկրտչյանն արցախյան առաջին պատերազմի մասնակից էր։ 1992 թ․ Շուշիի ազատագրումից հետո նա բնակություն է հաստատել այնտեղ։ Արամայիս Մկրտչյանը ծնվել է 1970 թ։ Արցախյան առաջին պատերազմում վիրավորվել էր, կորցրել աջ աչքը, գլխում էլ մանր բեկորներ ուներ, որի պատճառով հետագա ամբողջ կյանքում գլխացավեր էր ունենում և ցավազրկողներ էր ընդունում։ Շուշիում բնակվում էր մոր հետ։ Շուշիում էին ապրում նաեւ երկու դստրերը՝ իրենց ընտանիքներով: Արամայիսը պահեստազորում հաշվառված չէր, քանի որ ուներ հաշմանդամության կարգ։2020-ի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի առաջին օրերին Արամայիսը ընտանիքով Շուշիում էր, հոկտեմբերի 1-ին նա Երևան է ճանապարհել մորը, հոկտեմբերի 14-ին՝ դստրերին և թոռներին, իսկ ինքը մնացել է Շուշիում՝ չցանկանալով լքել իր քաղաքը:Արամայիսի հետ վերջին հեռախոսազրույցը եղել է նոյեմբերի 4-ին։ Դստերը՝ Անիին, զգուշացրել է, որ էլեկտրաէներգիա չունեն, և որ հեռախոսի մարտկոցը շուտով նստելու է։ Այդ ժամանակ Անիի ամուսինը՝ Արթուր Հայրապետյանը, դեռ Շուշիում է եղել, և պարբերաբար կնոջը հայտնել է, որ հայրը լավ է։

Նոյեմբերի 6-ին Արթուր Հայրապետյանը Շուշիի իրենց տարեց հարևանին տարհանելիս փորձել է նաև դուրս բերել աներոջը, բայց նա կրկին հրաժարվել է։ Երբ Արթուրը ցանկացել է վերադառնալ Շուշի, նրան այլևս թույլ չեն տվել մտնել քաղաք․ ճանապարհը գնդակոծվել է։