
Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Կոստանդնուպոլսում
տեղակայված ՀՀ ներկայացուցչության նախաձեռնությամբ առաջիկա օրերին քաղաքում նշվելու է աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը»-ը՝ վկայակոչելով Կոստանդնուպոլսում
լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթի համապատասխան հրապարակումը, սա իր բնույթով արդեն միջազգային հոբելյան է, քանի որ ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցի մեջ։ Սեպտեմբերի 21-ին, ժամը 19.30-ին տեղի կունենա մեծ համերգ, որին կմասնակցեն Երևանից ժամանած «Խաչատրյան» եռյակը և Կոստանդնուպոլսի Ֆիլհարմոնիկ միության նվագախումբը։ Ներկաները հնարավորություն կունենան նաև դիտելու շատ հատկանշական ֆիլմ, որը պատրաստվել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ և ներկայացնում է հռչակավոր վարպետի արտասահմանյան շրջագայությունները։ Համերգի մուտքն անվճար է։ Երաժշտասերները հնարավորություն կունենան ըմբոշխնելու Արամ Խաչատրյանի արվեստը, հաղորդակից կդառնան նրա երաժշտությանը։
Արամ Խաչատրյանի 120-ամյակի առթիվ ծրագրված համերգից բացի, նախատեսված է նաև ասուլիս, որը պետք է վարի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը։