Ֆրանսիական «France 2» հեռուստաալիքի «Le Grand Échiquier» հաղորդաշարի օգոստոսի 31-ի թողարկումը նվիրված էր Հայաստանին։ Երկու ժամ տևած եթերը լի էր հայկական մշակույթով, ֆրանսահայ եւ ֆրանսիացի հանրահայտ անձանց ելույթներով, ինչպես նաև՝ պատմական ակնարկներով։ Բազմահազար հեռուստադիտող ունեցող հեռուստաալիքի հատուկ երեկոն վարում էին ճանաչված հաղորդավարուհի Քլեր Շազալը եւ ֆրանսահայ դաշնակահար, կոմպոզիտոր եւ հաղորդավար Անդրե Մանուկյանը։
Հաղորդումը նկարահանվել էր Վերսալի թագավորական օպերայի հիասքանչ միջավայրում, արտիստների ելույթներն ուղեկցվում էին հենց այդ օպերայի նվագախմբի նվագակցությամբ։ Հնչեցին Արամ Խաչատրյանի երաժշտությունը, Գրիգոր Նարեկացու «Հավուն, հավունը», դասական եւ ազգային գործեր՝ բարձրակարգ եւ ճանաչում վայելող հայազգի արտիստների կողմից, ինչպիսիք են ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանը, երգչուհի Ռուզան Մանթաշյանը եւ այլք։ Երգեցին Պատրիկ Ֆիորին, Հելեն Սեգարան, Պատրիկ Բրուելը եւ ֆրանսիացի այլ երաժիշտներ։ Հայաստանին նվիրված այս մեծ երեկոյի ընթացքում ներկայացվեցին մշակութային բազմաթիվ հարստություններ, որոնք հայ ժողովրդի ուժն են։ Խոսվեց Արցախում տիրող իրավիճակի, Բաքվի կողմից շրջափակման եւ հրահրված պատերազմի մասին։ Պատմաբան Տիգրան Եգավյանը մանրամասներ ներկայացրեց հայեւի դեմ Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանության մասին: Ներկաները փաստեցին, որ այսօր էլ շարունակվում է ցեղասպանությունը եւ Թուրքիան կամ Բաքուն դա չեն թաքցնում։
«Le Figaro Magazine» հեղինակավոր պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը եւ ճանապարհորդ, գրող Սիլվան Տիսոնը պատմեցին, թե ինչպես են միասին գնացել լուսաբանելու 44-օրյա պատերազմը եւ թե ինչպես են մինչ օրս փորձում օգնել Արցախին եւ հայերին, քանի որ ըստ նրանց՝ համամարդկային շատ արժեքների կրողը հենց հայերն են։
Արվեստագետները հավաքվել էին՝ իրենց աջակցությունը հայտնելու Հայաստանին եւ Արցախին։