Մոսկվայից, որտեղ նա հանդիպել է ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մեկնել է Թեհրան, որտեղ այսօր Սոչիում կայանալիք Պուտին-Էրդողան հանդիպման նախօրեին փորձել է բանակցել Իրանի հետ, գրում է step1.am-ը։

Ըստ ամենայնի, «Զանգեզուրի միջանցքը», այսինքն՝ հայ-իրանական սահմանի վերացումը Պուտինի և Էրդողանի սակարկության թեմա է դառնալու, և մինչ հանդիպումը Ֆիդանը մեկնել էր Իրանի հետ բանակցելու։

Դատելով Ֆիդանի հետ մամուլի ասուլիսում արված Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հայտարարություններից՝ Իրանը մերժել է Թուրքիային։ «Մենք ողջունում ենք Երևանի և Բաքվի միջև բանակցությունները, սակայն չենք ընդունի տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունները և պատմական տարանցիկ ուղիների արգելափակումը», ընդգծել է Իրանի արտգործնախարարը։

«Մենք արձանագրել ենք, որ սիոնիստական ​​ռեժիմի ներկայությունը տարածաշրջանում ոչ այլ ինչի չի հանգեցրել, քան խռովությունների ու տարածաշրջանի երկրների միջեւ պառակտմանը»,- ասել է իրանցի դիվանագետը։

Իրանցի նախարարը խոսել է «իսլամական աշխարհի երկու մասերի» համագործակցության անհրաժեշտության մասին՝ ակնարկելով, որ այժմ նման համագործակցություն չկա։ «Ես Ֆիդանի հետ խոսել եմ Ուկրաինայի, Աֆղանստանի իրավիճակի մասին, Թուրքիայի մասնակցությամբ եռակողմ տնտեսական ձևաչափի մասին, որը կարող է ձևավորվել Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների կարգավորումից հետո»,- ասել է Աբդոլլահյանը՝ ակնարկելով, որ Իրանը որպես սուննիների առաջնորդ ընկալում է Սաուդյան Արաբիան, այլ ոչ թե Թուրքիան։