«Քրդստան» բառն առաջին անգամ երևան է եկել և շրջանառության մեջ մտել XII դարում, սելջուկների տիրապետության շրջանում: Նորագույն շրջանում պատմական գրականության մեջ հաճախ կարելի է հանդիպել «Իրանական Քրդստան», «Իրաքյան Քրդստան» և «Թուրքական Քրդստան» տերմիններին: Վերջինի տակ կամայական և բռնազբոսիկ կերպով հաճախ մտցվում է ողջ Արևմտյան Հայաստանի տարածքը: Դա սկզբնավորվում է XIX դարի կեսերից, երբ, առաջնորդվելով իրենց որդեգրած հակահայկական քաղաքականության շահերով, թուրքական կառավարող շրջանները, որոնք մինչ այդ Արևմտյան Հայաստանը կոչում էին «Էրմինիստան» կամ «Էրմենիստանի քեբիր» (Մեծ Հայաստան), այդ երկրամասը սկսեցին անվանել Քրդստան: 

Բրիտանական քաղաքագետները, որոնք մտահոգված էին Արևմտյան Հայաստանի հայության ռուսասիրական ձգտումների վերելքից և իրենց մերձավորարևելյան քաղաքականության հիմնարար սկզբունքն էին հայտարարել Օսմանյան կայսրության ստատուս քվոյի պահպանումը, հաճույքով ընդօրինակեցին թուրքական դիվանագիտության այդ հնարքը: Արտառոցը, սակայն, այն էր, որ ռուսները ևս աստիճանաբար իրենց դիվանագիտական գրագրության մեջ Արևմտյան Հայաստանը սկսեցին անվանել «Թուրքական Քրդստան»՝ նույնիսկ իրենց քարտեզներում Հայկական բարձրավանդակը կոչելով «Քրդստանի բարձրավանդակ»: Ընդ որում, Կարինի գոտին անվանվում էր Հյուսիսային Քրդստան, իսկ Բիթլիս — Վանը՝ հարավային: Այս ամենի առթիվ ժամանակին հայ անվանի պատմաբան Նիկողայոս Ադոնցը կատարել է հետևյալ դիտարկումը. «Շատերին հաճելի է փոխադրել քրդական հարցը հայկական սարահարթ և այստեղ փնտրել նրա լուծումը»  : Մեր օրերում ևս քուրդ որոշ ազգայնամոլներ, որոնք տարված են պատմության կեղծարարությամբ, իրենց մտավարժանքների արգասիքը հանդիսացող` տարբեր երկրներում հրատարակվող գրքերում, քարտեզներում և այլուր, առանց այլևայլության Արևմտյան Հայաստանն անվանում են «Թուրքական Քրդստան»: Ավելին, նրանք «քրդականության» արմատները տանում են դեպի այնպիսի խորը հնություն, որի վերաբերյալ առհասարակ գոյություն չունեն հավաստի տվյալներ : Իրենց պատմաբան հորջորջող այդ մարդիկ, առանց փաստարկների ու գիտական հիմնավորումների, հաճախ իրենց անգիտությունը հասցնելով մինչև զավեշտի աստիճանի, ոգի ի բռին փորձում են «ապացուցել», որ Արևմտյան Հայաստանում քրդերը տեղաբնիկներ են կամ ավտոխտոն բնակչություն, որ նրանց պատմական կյանքն այդ տարածքում սկսվել է անհիշելի ժամանակներից: «Ոմանք,– գրում է Ն. Ադոնցը,– խելքից դուրս ջանալով, այնքան հեռու գնացին, որ չէին քաշվում պնդել, որ քրդերը Հայաստանում բնիկներ են և որ այսպես կոչված Հայաստանը հնուց ի վեր քրդերի բնակեցման վայր է եղել: Այդ բոլորն անշուշտ արվում է միայն այն բանի համար, որպեսզի հիմնավորվի քրդերի իրավունքը Հայկական լեռնաշխարհի վրա հայերի հետ համահավասար»: Իրականում, ընդհուպ մինչև ուշ միջնադար, հայկական լեռնաշխարհում քրդեր գոյություն չեն ունեցել: Նշված տարածքում քրդական էթնիկական տարրի առկայության մասին տեղեկություններ չկան ինչպես օտար, այնպես էլ հայկական աղբյուրներում: Հայաստանի և առհասարակ Առաջավոր Ասիայի միջնադարյան պատմության փայլուն գիտակ Ադոնցը, իր գիտական պրպտումների ընթացքում Հայկական բարձրավանդակում չգտնելով քրդական հետք, աներկբայորեն հանգել է հետևյալ եզրակացության. «Քրդերը Հայաստանում ապրում են ամենևին էլ ոչ անհիշելի ժամանակներից, ինչպես որ սովորաբար պնդում են քիչ իրազեկ անձիք, երկրամասի պատահական այցելուները, մեծ մասամբ զանազան տերությունների քաղաքական գործակալները»  : Մեկ այլ առիթով նա գրում է. «Քրդերը չեն ապրել Հայաստանում անհիշելի ժամանակներից, այլ տեղափոխվել են այստեղ թուրքական կառավարող շրջանների կողմից» :