Արման Ղուլյանը ծնվել է 2002 թվականի հունվարի 2-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում։ Նա բանակ էր զորակոչվել 2020-ի օգոստոսի 11-ին։ Ծառայում էր Արցախում՝ Ասկերանի զորամասում։2020 թվականի օգոստոսի 11-ին, երբ Արման Ղուլյանը զորակոչվեց բանակ, մայրը՝ Հերմինե Աբելյանը, անընդհատ վատ կանխազգացումներ էր ունենում։ Որդու մասին ամեն անգամ խոսելիս արտասվում էր։ 2020-ի հուլիսին Տավուշի մարզի ուղղությամբ ադրբեջանական հարձակումից երկար ժամանակ չէր անցել։ Հերմինեն մտավախություն է ունեցել, որ պատերազմ է սկսվելու։ Ամեն օր լրահոսն էր ստուգում՝ սրտի խորքում զգալով, որ նորից սահմանից պատերազմի լուր է լսելու։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Հերմինեն որոշել էր թխվածք պատրաստել։ Արմանը քաղցրավենիք շատ էր սիրում։ Մայրը որդու բանակ զորակոչվելուց հետո սովորաբար խմորեղեն չէր թխում։

Այդ օրը կեսօրվա 12-անց էր, երբ ամուսինը՝ Հովհաննեսը, աշխատավայրից զանգել ու հարցրել էր, թե Հերմինեն ինչպե՞ս է։ Պատասխանել է, որ լավ է, թխվածք է պատրաստում։ Հովհաննեսը հասկացել է, որ կինը դեռ լուրերը չի կարդացել։

«Ինձ ասաց՝ հա՛, փաստորեն դեռ էսօր հեռուստացույց չե՞ս միացրել։ Ու միանգամից ոտքերս թուլացան, չկարողացա ինձ զսպել։ Գործս կիսատ թողեցի։ Ներսի վախս ու վատ կանխազգացումներս ավելի սրվեցին»,- վերհիշում է Հերմինեն։Արմանն ամեն օր երեկոյան  9-ին զանգահարում էր մորը։

Հովհաննեսը չէր սպասել մինչ երեկո զանգել էր, որդու հեռախոսին զինակից ընկերն է պատասխանել։ Դա ավելի էր խուճապի մեջ գցել ծնողներին։ Ի վերջո, երեկոյան Արմանը զանգել ու ասել էր, որ ամեն ինչ լավ է, իրեն ոչ մի տեղ չեն տանի, քանի որ նոր է զորակոչվել ու նոր զորակոչվածներին առաջնագիծ չեն տանում, բայց ծնողներն արդեն զինակից ընկերոջից իմացել էին, որ Արմանենց տեղափոխել են դիրքեր՝ Աղդամ։

«Ամեն օր մեզ հետ խոսելիս ասում էր՝ լավ ենք, ամեն ինչ լավ ա, մի՛ մտածեք։ Ասում էի Արմա՞ն, պատերազմ է, ո՞նց ես լավ, ասում էր՝ վայ, մամ ջան, պատերազմը մեզնից հեռու ա, մենք թեժ տեղում չենք, մեր տեղը նորմալ ա։ Մեզ չէր թողնում զանգենք, ասում էր, որ հարմար լինի, ինքը կզանգի»,- հիշում  է մայրը։ Հոկտեմբերի 26-ին Արմանի դասակը տեղափոխել են Սղնախ գյուղի դիրքեր։ Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 27-ին, Բաքվի զինված ուժերը գրավել են Ավետարանոց, Ակնաղբյուր, Մադաթաշեն և Ջրաղացներ գյուղերը։ Ադրբեջանցիները առաջ էին շարժվում Սղնախի ուղղությամբ։ Սղնախցի տղամարդիկ ինքնապաշտպանական ջոկատներ էին կազմել ու գյուղի սարերում դիրքավորվել։ Արմանի դիրքում բացի իրենից եղել են ևս 6 հոգի՝ Արմանի դասակից Միշա Մայիլյանը, Սլավիկ Նահապետյանը, Ավագ Բազգուշը, Կարեն Շահբազյանը, Արթուր Հովհաննիսյանը, ինչպես նաև Սղնախ գյուղի բնակիչ Սպարտակ Հակոբջանյանը։  Բացի Արմանից և Սպարտակից բոլորը ողջ են մնացել։ Արմանի ծառայակից ընկերները որոշ մանրամասներ են պատմել Հովհաննեսին՝ Արմանի հորը։

Ասել են, որ Արմանը ակտիվ մասնակցել է մարտական գործողություններին, չնայած որ նոր էր զորակոչվել։ Հոկտեմբերի 28-ին թեժ մարտեր են եղել։ Արմանի զոհվելու մասին տարբեր վարկածներ են ասել, որոնցից ոչ մեկը հաստատված չէ։ Սպարտակ Հակոբջանյանի մարմինը գտել են նոյեմբերի 15-ին, որոնողական աշխատանքների ժամանակ։ Արման Ղուլյանի մարմինը գտել են 2021 թվականի մարտի 29-ին։

Արման Ղուլյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Արիության» և «Մարտական ծառայություն» մեդալներով։