Մինչև ուշ միջնադար, հայկական լեռնաշխարհում քրդեր գոյություն չեն ունեցել: Նշված տարածքում քրդական էթնիկական տարրի առկայության մասին տեղեկություններ չկան ինչպես օտար, այնպես էլ հայկական աղբյուրներում: Հայաստանի և առհասարակ Առաջավոր Ասիայի միջնադարյան պատմության փայլուն գիտակ Ադոնցը, իր գիտական պրպտումների ընթացքում Հայկական բարձրավանդակում չգտնելով քրդական հետք, աներկբայորեն հանգել է հետևյալ եզրակացության. «Քրդերը Հայաստանում ապրում են ամենևին էլ ոչ անհիշելի ժամանակներից, ինչպես որ սովորաբար պնդում են քիչ իրազեկ անձիք, երկրամասի պատահական այցելուները, մեծ մասամբ զանազան տերությունների քաղաքական գործակալները» : Մեկ այլ առիթով նա գրում է. «Քրդերը չեն ապրել Հայաստանում անհիշելի ժամանակներից, այլ տեղափոխվել են այստեղ թուրքական կառավարող շրջանների կողմից»: Բացառված չէ, սակայն, որ VII դարում` արաբական արշավանքների շրջանում, արաբների նոր կրոնը՝ իսլամը, ընդունած քրդական մի քանի ցեղեր արշավող բանակների հետ մուտք գործած լինեն Արևմտյան Հայաստան` հաստատվելով նրա հարավային շրջանների առանձին վայրերում: Իսկ XI–XIII դարերում սելջուկյան և մոնղոլական արշավանքների ժամանակ քրդական ավագանու մի մասը, ծառայության մեջ մտնելով նրանց մոտ, Վանա լճի և Արևելյան Եփրատի ավազաններում հողային տիրույթներ ստացավ` փորձելով գրավված այդ հողերում ստեղծել ցեղային անկախ կամ կիսանկախ միավորումներ: Դրանցից էին, օրինակ` Բիթլիսի, Սասունի, Չմշկածագի և այլ վայրերում հաստատված քրդական իշխանապետությունները: XIV–XV դարերում ևս նկատվել է քրդերի որոշ շարժում Տավրոսից հյուսիս դեպի Արևմտյան Հայաստան:
«Բացառությամբ Վանի և Բիթլիսի իշխող տների, որոնք գալիս են Թեմուրի ժամանակներից, մնացյալ քրդական տիրույթները Հայաստանի նշված շրջաններում՝ Եփրատի երկայնքով և Տիգրիսի ակունքներում, առաջացել են թուրք-պարսկական պատերազմների ժամանակ՝ XV և XVI դարերի սահմանագծին»: Այդ բոլորով հանդերձ, ընդհուպ մինչև XVII դարը հայ ժողովրդի բնօրրանում քրդական էթնոսի զանգվածային առկայության մասին տեղեկություններ չկան: