Հենրիկ Էլոյանը ծառայությունը սկսել էր 2019 թվականի ամռանը Ջրականի զորամասի 3-րդ գումարտակում։ Նախքան զորակոչվելը սովորել էր ԴՕՍՍԱՖ-ում, որպեսզի ծառայեր որպես վարորդ, բայց տեսողական խնդիրների պատճառով մերժել էին։
«Ծառայությունը սկսելու տարին՝ սեպտեմբերին, ընկավ, ուսը կոտրեց, վիրահատվելուց հետո քանի որ արդեն սահմանափակումով պիտի ծառայեր, իսկ իրենց գումարտակին կապավոր էր անհրաժեշտ, Հենրիկին նշանակեցին վաշտի կապավոր։ Ծառայակիցներից պատմում են, որ պատերազմի ժամանակ կապի սարքը հետը ամեն տեղ քարշ էր տալիս, ասում էին՝ էդ թող, արի, հեսա կհասնեն, ասում էր՝ էս մեր կապն ա, ո՞նց թողեմ»,- պատմում է մայրը։ Հենրիկը Ջրականում է եղել պատերազմը սկսվելու պահից մինչև հոկտեմբերի 7-ը, այդ օրը «Չռիկներ» կոչվող տեղամասում արկից բեկորային վիրավորում է ստացել ու տեղափոխվել Ստեփանակերտի, հետո Գորիսի, ապա՝ Սիսիանի հիվանդանոց։ Սիսիանից Հենրիկին տեղափոխում են Երևան, մի քանի օր տանն է մնում, որից հետո պետք է վիրահատեին։ Մոր խոսքով՝ վիրահատությունից մի քանի օր առաջ Հենրիկը նորից գնում է Սիսիան, որ անհրաժեշտ թղթերը վերցնի, բայց հաջորդ օրն առավոտյան՝ հոկտեմբերի 26-ին, վերքը դեռ չապաքինված՝ Հենրիկին տանում են Շուշիի բերդ, իսկ մյուս օրը՝ Կարմիր Շուկա-Շեխեր խաչմերուկ։
Հոկտեմբերի 22-27-ը Կարմիր Շուկա-Շեխեր հատվածում թեժ մարտեր էին ընթանում, հակառակորդը տարբեր կողմերից հարձակվում էր Շեխեր գյուղի վրա։ Գյուղի պաշտպանությանը մասնակցում էին Դրմբոնի դեսանտագրոհային գումարտակը և աշխարհազորայիններ։ Հոկտեմբերի 27-ին նրանք հեռանում են գյուղից, և հակառակորդը գրավում է Շեխերը։
Գյուղից մի փոքր վերև՝ Կարմիր Շուկա-Շեխեր խաչմերուկին, մնում է Հադրութի դիվիզիայի զորքը (35-40 հոգի), որի կազմում կային նաև Ջրականի գնդի երրորդ գումարտակի զինծառայողներից։ Հոկտեմբերի 28-ին հակառակորդը ինտենսիվ հրետակոծում է տվյալ հատվածը, որի հետևանքով բազմաթիվ զոհեր են լինում։ Զոհվում է նաև Հենրիկ Էլոյանը։
Հենրիկը բեռնատարի կողքին կանգնած է եղել, երբ այն խոցել են։ Նա հարվածի ալիքից շպրտվել է հողաթմբի վրա ու մահացել։
Հոկտեմբերի 28-ից, երբ Հենրիկի հետ կապը կորում է, ընտանիքը փորձում է տարբեր եղանակներով նրանից լուր ստանալ։
Հաջորդ օրը հայրն ու քույրը գնացել են Պաշտպանության նախարարություն։ Լիանան հիշում է, որ այնտեղ մի աշխատակից կար, ասաց, որ իր եղբայրը սպա է, ու որ այդ կողմերում է, որևէ բան իմանալու դեպքում կտեղեկացնի։ Հաջորդ օրը աշխատակիցը զանգել է Հենրիկի հորը, ասել, որ խոստացել էր՝ ինչ էլ լիներ, զանգելու էր։ «Ձեր տղան զոհվել է»,- հոր կողքին կանգնած՝ լսել է Լիանան։