Կարմիր խաչի միջազգային կոմիտեն սեպտեմբերի 18-ին Բերձորի միջանցքով և Ակնայի ճանապարհով ալյուր և բժշկական պարագաներ է հասցրել Արցախ։ ԿԽՄԿ-ի հայտարարության մեջ նշվում է, որ սա հնարավոր է դարձել «որոշում կայացնողների միջև հումանիտար փոխհամաձայնության հասնելու դիվանագիտական ջանքերի շնորհիվ»։
«Մեզ մեծապես մխիթարում է այն, որ շատ մարդիկ, որոնք ապավինում են մարդասիրական օգնությանը, առաջիկա օրերին, վերջապես, կստանան այդքան անհրաժեշտ աջակցությունը։ Առողջապահական կառույցները չունեն բժշկական պարագաներ: Մարդիկ հացի համար ժամերով հերթ են կանգնում: Նրանք կանոնավոր մարդասիրական առաքումների միջոցով կայուն օգնության կարիք ունեն: Այս կոնսենսուսը մեր թիմերին թույլ է տվել վերսկսել այս կյանքեր փրկող աշխատանքը», – ասել է ԿԽՄԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Արիան Բաուերը: Հայտարարությունում նշվում է, որ ԿԽՄԿ-ն վերջին շաբաթների ընթացքում բանակցություններ էր վարում «որոշում կայացնողների հետ»՝ քննարկելով տարբեր ճանապարհներով տարածաշրջան օգնություն հասցնելու տարբերակները։
«Երկուշաբթի օրվա գործողությունը ներառում է երկու բեռնատար, որոնք միաժամանակ ապրանքներ են մատակարարել Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով», – նշված է հայտարարությունում։