Միացյալ Նահանգները չի կարող երկխոսել Ռուսաստանի հետ Արցախի հարցով, բայց տեղյակ է, որ ռուսները կողմերին քննարկումների են հրավիրում, «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը, հավելելով՝ կողմերի որոշումն է գնալ դրանց, թե ոչ։

«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը ազդել է բազմաթիվ ձևաչափերի վրա, որոնց Ռուսաստանը մասնակցում էր, քանի որ Մոսկվան այնպես է խախտել միջազգային համակարգի նորմերը, որ դժվար է նրա հետ համագործակցության ուղիներ գտնել։ Բայց, դրանով հանդերձ Միացյալ Նահանգները կենտրոնացել է Հայաստանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման, սահմանների, արդար և տևական խաղաղություն գտնելու վրա։ Դրա համար մենք երկկողմ և եռակողմ հանդիպումների մեջ ենք Հայաստանի ու Բաքվի հետ, սատարում ենք Եվրամիության ջանքերին, հատկապես Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին», – ասել է նա։

«Միաժամանակ, գաղտնիք չէ, որ ռուսներն էլ են քննարկումների հրավիրում կողմերին, և գաղտնիք չէ, որ ռուսները խաղաղապահներ ունեն տեղում։ Մենք չենք կարող այս պահին երկխոսություն ունենալ ռուսների քայլերի շուրջ, ուստի կողմերն իրենք են որոշում՝ ուզում են ներգրավվել ռուսական քննարկումներում, թե ոչ», – շարունակել է Մայքլ Քարփենթերը։ Ընդ որում, խոսելով միջնորդներից՝ ամերիկացի դիվանագետն ընդգծել է՝ Միացյալ Նահանգները, ի տարբերություն այլոց, Հայաստանի ու  Բաքվի հարևանը չէ, կողմնակալ շահեր չունի և դրանով իսկ կարող է առավել անաչառ ու անկեղծ լինել։ Դա, ըստ Քարփենթերի, գիտակցում են թե՛ Երևանում, թե՛ Բաքվում։

«Կարծում եմ՝ երկու կողմն էլ Միացյալ Նահանգների ծառայությունը դիտարկում է որպես տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ազնիվ ու անկեղծ ջանք, քանի որ մենք տեսնում ենք դրա առավելությունները երկարաժամկետ կտրվածքով. մենք հարևան երկիր չենք, ուստի մենք չունենք այն «անձնական» շահերը, որ որոշ այլ տարածաշրջանային երկրներ կարող են ունենալ։ Եվ ես կարծում եմ, որ դա կարող է նաև առավելություն լինել Միացյալ Նահանգների համար, թույլ տալով, որ մենք գործի դնենք մեր անաչառ դիվանագիտական գործիքները՝ այս տարաձայնությունների լուծմանը հասնելու համար», – շեշտել է նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով