Ամեն առավոտ Աբգարը հեծանիվով շրջում էր նոր արթնացող քաղաքում։ Հիմա հեծանիվը դրված է բարձրահարկ շենքի բացօթյա փոքր միջանցքում՝ կարծես, ներքուստ սպասելով ընկերոջը, որի հետ հարյուրավոր կիլոմետրեր են անցել։ 2020 թ․ Աբգարն ընդունվել էր Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Տնեցիներին ասել էր, որ Հայաստանում միջազգային իրավունքի մասնագետները քիչ են, եւ ինքը պիտի միջազգային իրավունքի մասնագետ դառնա, որ Հայաստանի շահերը կարողանա լավ ներկայացնել։

2020 թ․ հուլիսի 24-ին զորակոչվել էր՝ այդպես էլ չհասցնելով գոնե մեկ անգամ համալսարանի դուռը բացել որպես ուսանող։ Աբգարն ընտանիքի երեք երեխաներից կրտսերն էր՝ Դիանայից եւ Արմենակից հետո։ Եղբորից շատ տարբեր էր։ Շախմատիստ եղբորը հատուկ է չխոսկանությունն ու ինքնամփոփ լինելը։ Հայրն ասում է՝ Արմենակի հետ Տոկիո գնաս-գաս, եթե չխոսեցնես, չի խոսի, իսկ Աբգարը հակառակն էր։

Երբ նա դեռ փոքր էր, չէր սիրում, որ ոտանավորներ էին անգիր սովորեցնում կամ հեքիաթներ պատմում։ Փոխարենն անդադար կարող էր լսել «Սասունցի Դավիթ» էպոսը։ Աբգարի զորակոչվելուց մեկ շաբաթ առաջ Արմենակը զորացրվել էր։ Ու Աբգարը վիճակահանությամբ ընտրել էր Հադրութի զորամասը, որտեղ ծառայել էր ավագ եղբայրը:

Կորոնավիրուսի պատճառով ծնողները չէին կարողացել ներկա լինել զորակոչին, բայց զինկոմիսարիատում դրված էկրանով կարող էին հետեւել վիճակահանությանը: Հադրութի զորամասում Աբգարն ընդգրկվել էր ուսումնական գումարտակի դիպուկահարների վաշտում: «Էդտեղ անհանգստացա, ասեցի՝ Աբգար, արի փոխենք, էլի, ասեց՝ չէ, հայրիկ, Դավիթ Ղազարյանն էնքան լավ հրամանատար է, ուզում եմ իր հետ լինել, զինվորներին լավ ա վերաբերվում: Դավիթը Աբգարից մի օր հետո զոհվեց»,- նշում է հայրը:

Աբգարը 2 ամսվա ու 3 օրվա ծառայող էր, երբ պատերազմն սկսվեց: Այդ ընթացքում հոր հետ հեռախոսազրույցներում հաճախ պատմում էր զինծառայության մասին:

Սեպտեմբերի 26-ին Աբգարը վերջին անգամ է խոսել հոր հետ: Ասել էր՝ տղերքն ասում են, որ պատերազմ է լինելու, բայց հայրը հանգստացրել էր՝ ասելով, թե միշտ էլ խոսում են: Ժամեր անց պատերազմն սկսվեց: Գեղամ Նազարյանը հիշում է, որ երբ իր ընկերները եւս ասում էին, որ վիճակը վատ է, պատասխանում էր, թե աշխարհաքաղաքական տեսանկյունից այդ պահին պատերազմը ոչ մեկին ձեռնտու չէ: Իսկ երբ ավագ որդին զորացրվելուց հետո պատմել էր, որ ադրբեջանական գյուղերում բնակիչներին տարհանել ու տանկեր էին բերել, դա եւս չէր նկատել:

Սեպտեմբերի 27-ին եւ դրան հաջորդող օրերին Աբգարի հեռախոսն անհասանելի էր: Հոկտեմբերի 1-ին հեռախոսին պատասխանել էր անծանոթ մի տղա՝ ասելով, որ Աբգարենց ուրիշ տեղ են տարել, իսկ հեռախոսը մնացել է իր մոտ, ապա հայտնել, թե ամեն ինչ լավ է, թող հանգիստ լինեն:

Աբգարի հարազատներին հանգստացնում էին նաեւ հրամանատարական կազմից՝ ասելով, որ հանգիստ լինեն, ինքը նորակոչիկ է, բունկերում է: Մինչդեռ Աբգարը պատերազմի առաջին օրվանից ռազմաճակատում էր: Նա զոհվեց սեպտեմբերի 29-ին Վարանդաի Կարախանբեյլի գյուղի մոտ ԱԹՍ-ի հարվածից: Աբգարից բացի՝ զոհվեցին նաեւ երկու մարտական ընկերները, մի քանիսը վիրավորվեցին:

Մինչեւ նոյեմբերի 14-ը Աբգարին ամենուր փնտրել են՝ հավատալով, որ նա լավ է: Բայց դրանք ինքնախաբեության շաբաթներ էին: Նոյեմբերի 14-ին Աբգարենց վաշտի տղաներից մեկը հայտնել է, որ նա զոհվել է: Հետո հանդիպել էին Գուրգեն անունով մի մայորի, որն ասել էր, թե ինքն է Աբգարի մարմինը դրել մեքենայի մեջ: Բայց հարազատները մտածել էին, որ մայորն Աբգարի անմիջական հրամանատարը չէ ու գուցե շփոթում է:

Հունվարի 3-ին պարզվել էր, որ Աբգարի աճյունը հոկտեմբերի 2-ից գտնվել է Հերացու թիվ 1 համալսարանական հիվանդանոցում: