ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ԱՄՆ ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը Արցախի հայերի իրավունքների և անվտանգության պաշտպանությունը երաշխավորելու համար կարևորեց միջազգային առաքելության տեղակայումը:
«ԱՄՆ-ն մտահոգված է Արցախի իրավիճակով, որը պայմանավորված է նրանով, որ Բաքուն շարունակում է ռազմական գործողությունները: Մենք կոչ ենք անում այդ գործողությունները դադարեցնել անմիջապես»,-ասաց ԱՄՆ ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը:
ԱՄՆ-ն ի գիտություն է ընդունում հայտարարություններն այն մասին, որ ռազմական գործողություններն ընդհատվել են: «Սակայն այս պահին իրավիճակը տեղում մնում է ծանր: Եվ մենք խորապես մտահոգված ենք ստացվող տեղեկություններով՝ քաղաքացիական անձանց նկատմամբ բռնության դեպքերի մասին: Պարզ արտահայտվեմ՝ Բաքուն պատասխանատվություն է կրում ապահովելու իր զինված ուժերի գործողությունների ամբողջական համապատասխանությունը միջազգային իրավունքի նորմերին, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին, որոնք վերաբերում են մարտական գործողությունների վարմանը, քաղաքացիական անձանց պաշտպանությանը և մարտական գործողությունների մասնակիցների նկատմամբ մարդավայել վերաբերմունքին: Բաքուն նաև միջազգային պարտավորություններ և հանձնառություններ ունի՝ հարգելու իր տարածքում գտնվող բոլոր անձանց իրավունքներն ու հիմնարար ազատությունները»,-ասաց նա:
ԱՄՆ-ն կողմերին կոչ է անում ապահովել, որ մարդասիրական կազմակերպությունները կարողանան սնունդ, դեղորայք և այլ անհրաժեշտ պարագաներ հասցնել՝ առանց որևէ ճանապարհային պատնեշների և ապահովել մարդասիրական աշխատողների անվտանգությունը: