Western Armenia tv-ին «Արևմտյան Հայաստանի հայերի հարցի շուրջ

» նախագծի շրջանակում  ներկայացնում է ՝ «ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԻ ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ» շարքը։ 

ԱՐՑԱԽ ԹԵ ՂԱՐԱԲԱՂ

Արցախը գոյություն ունի վաղուց ի վեր: Դեռևս առաջին հայկական թագավորությունների օրոք Արցախը եղբայրական թագավորություն էր, որտեղ մարզպետներն ու թագավորները Հայաստանի ղեկավարների ամենամոտ հարազատներն էին:

Երկրամասը տարբեր ժամանականերում հանդես է եկել տարբեր անուններով, որոնցից ամենահինը «Արցախ» անվանումն է։ Դրա հստակ ստուգաբանությունը հայտնի չէ։ Տեղանունը ուրարտական սեպագիր արձանագրություններում հանդես է գալիս «Ուրտեխե» և «Ուրտեխինի» ձևերով։ Մ.թ. 1-ին դարի հույն հեղինակ Ստրաբոնի «Աշխարհագրություն» աշխատությունում երկրամասը հիշատակվում է «Օրխիստենա» անունով՝ որպես Մեծ Հայքի նահանգներից մեկը, հայտնի իր մեծաքանակ այրուձիով։

Միջնադարում Արցախը հայտի է եղել նաև «Ծավդեք» (Ծավդեաց իշխանական տան անունով, որ Առանշահիկների մի ճյուղն էր կազմում), «Փոքր Սյունիք»։ 10-րդ դարից, երբ Առանշահիկները երկրի քաղաքական կենտրոնը տեղափոխել են Խաչենագետի հովիտ, «Արցախ» տեղանունն աստիճանաբար փոխարինվել է «Խաչենով»։ 18-րդ դարի որոշ ռուսական փաստաթղթերում գործածական է «Փոքր Հայաստան» անվանումը։ Միևնույն ժամանակ Ուտիք նահանգի հետ միասին Արցախը կոչվել է «Աղվանք», «արևելից կողմանք», «Խորին աշխարհն Հայոց»։ Պատմական սկզբնաղբյուրներում «Ղարաբաղ» անվանումը հիշատակվում է 14-րդ դարից։ «Ղարաբաղ» տեղանունը հստակ ստուգաբանություն չունի։ 

Ըստ մեկ ստուգաբանության այն ձևավորվել է պարսկական աշխարհագրական անվանակարգի հիման վրա. ի տարբերություն երկրամասի հարթավայրային մասի, որը կրում էր «Բաղ-ի սաֆիդ» (Սպիտակ այգի) անունը, նրա լեռնային հատվածը անվանվեց «Բաղ-ի սայիդ», որ թուրքալեզու ժողովուրդների մոտ վերափոխվեց «Ղարաբաղի» (Սև Այգի) կամ Կար, որը հայերեն նշանակում է «քար»:

Ըստ երկորրդ ստուգաբանության՝ «բաղ» արմատով բազմաթիվ տեղանուններ գոյություն ունեին Սյունիքում, Արցախում, Գանձակում և այլուր։ Եվ «Ղարաբաղը» «Բաղաբերդ» տեղանվան պարզ ու սովորական թարգմանությունն է։ «Ղարաբաղի» առաջին՝ «ղարա» մասը հայերեն «բերդ» բառի թարգմանությունն է՝ լ-ր հնչյունափոխությամբ։ Ինչպես օրինակ, Կալա-կարա՝ Կալա, Կալաքենդ (Բերդաշեն), իսկ պաշտոնական փաստաթղթերում՝ Կարաքենդ։ Տեղանվան երկրորդ՝ «բաղ» մասը օտար նվաճողների կողմից չի թարգմանվել։ Այսպիսով՝ Ղարաբաղը Բաղաբերդ տեղանվան քմահաճ թարգմանությունն է։ Անցնելով Ռուսական կայսրության տիրապետության տակ՝ «Ղարաբաղ» անվանը կցվում է նաև «нагорный» (լեռնային) ռուսերեն ածականը՝ բնութագրելու համար նրա լեռնային երկիր լինելը։ «Բաղ»-ը հայերեն կարելի է թարգմանել նաև սառը։

Այսպիսով, «Լեռնային Ղարաբաղ» անվան երկու բաղադրիչներից մեկն ունի ռուսական ծագում, իսկ մյուսը պարսկական։

«Արցախ» տեղանունը կրկին շրջանառվում է 1988 թվականից։