Western Armenia TV-ի «Արցախյան քրոնիկոն» շարքի այսօրվա համարում․
Օրվա ցանկացած ժամի տեղահանված մարդկանց խմբերը Արցախից հասնում են Կոռնիձոր՝ Հայկական կարմիր խաչի ընկերության մարդասիրական կայան։
Այդ մարդկանց ամբողջ ունեցվածքը հիմնականում մի քանի տոպրակ է՝ մեքենայի կտուրին բարձած։ Կայան հասնելուց հետո նրանց սնունդ են բաժանում և սկսում գրանցման գործընթացը։ Գրանցումից հետո այն մարդիկ, ովքեր ունեն նախընտրած գնալու վայր, շարունակում են ճանապարհը, իսկ նրանք, ովքեր մնալու տեղ չունեն, գնում են Գորիսի դրամատիկական թատրոնի շենք, այնտեղից էլ՝ ժամանակավոր կացարան։
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 08:00 դրությամբ, Արցախից Արևելյան Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ: Նշենք,որ Արևելյան Հայաստան տեղափոխվել ցանկացող և սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիներն առաջիկա օրերին հնարավորություն կունենան գրանցվել և տեղափոխվել ավտոբուսներով։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է նաև, որ Ստեփանակերտում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի և բռնկված հրդեհի պատճառով դեռևս բազմաթիվ քաղաքացիների մասին չկան տեղեկություններ:
«Հարազատներին խնդրում ենք անհետ կորածների վերաբերյալ տեղեկություններ հաղորդել` զանգահարելով 047 96 19 06 հեռախոսահամարին», ասված է հաղորդագրության մեջ: