Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի և Բաքվի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման խնդիրների շուրջ:
«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեության մասին, այդ թվում ՝ խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու, Արցախի հայ բնակչության իրավունքների և անվտանգության պաշտպանության ուղղությամբ: Ռուսաստանի և Իրանի նախագահները շեշտել են բոլոր հարցերը բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական միջոցներով լուծելու կարևորությունը:
Փոխադարձ հետաքրքրություն է արտահայտվել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի (Բաքու, Երևան, Թբիլիսի, Մոսկվա, Թեհրան և Անկարա) աշխատանքի ակտիվացման հարցում»,- նշված է հաղորդագրության մեջ։