Սեպտեմբերի 27-ին, լրացավ Արցախյան 44-օրյա պատերազմի 3-րդ տարելիցը: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին` առավոտյան ժամը 07:10, Բաքուն լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի դեմ։ Մարտական գործողությունները ընթացել են արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում։ Հայաստանում և Արցախում հայտարարվել էր ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ 

44-օր անց՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին, Ռուսաստանի Դաշնության անմիջական միջնորդությամբ կնքվեց ռազմական գործողությունների դադարի մասին համաձայնագիր, ըստ որի Արցախի հանրապետության տարածքի մեծ մասն անցավ Բաքվի վերահսկողության տակ։

Պատերազմում Բաքուն կիրառել էր իր ողջ զինանոցը՝ ԱԹՍ-ների, նորագույն տեխնիկայի և ծանր հրետանու լայնամասշտաբ ռազմական օգտագործմամբ և ինֆորմացիոն դաշտում պաշտոնական հակամարտությամբ։ Պատերազմն անվանում էին 5-րդ սերնդի։

Բաքվին  բացահայտ ռազմական աջակցություն է ցուցաբերել Անկարան։ Հայ երիտասարդների դեմ կռվում ներգրավված էին նաև վարձկան ահաբեկիչներ Սիրիայից։

Բազմաթիվ երկրներ և միջազգային կառույցներ խստորեն դատապարտել էին պատերազմը՝ կողմերին կոչ անելով անհապաղ դադարեցնել կրակը և վերսկսել կառուցողական բանակցությունները։ 

Երեք տարի անց՝ սեպտեմբերի 19-ին,Արցախում  սկսվում են «արցախյան երրորդ պատերազմ» անվանումը ստացած մարտական գործողությունները։

Պատերազմի երկրորդ օրը  Բաքուն առաջարկում է Արցախի զինված ուժերին և ղեկավարությանը հանձնվել և հայտարարում է, որ պատրաստ է հանդիպել «հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Բաքվին ինտեգրվելու հեռանկարները»։

Արդյունքում Արցախը «կցվում է» Բաքվին։

Եվրամիությունն ու ԱՄՆ-ն Բաքվին կոչ են անում դադարեցնել ռազմական գործողությունները։ Ֆրանսիան պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել։ Այն տեղի է ունենում  սեպտեմբերի 21-ին։

Երևանում բողոքի ցույցեր են սկսվում կառավարության շենքի մոտ՝  Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Միաժամանակ բողոքի ցույց է կայացել ՌԴ դեսպանատան մոտ։ Ոստիկանների հետ բախումների արդյունքում մի քանի մարդ վիրավորվում է։ Արցախցիները տեղահանվում են իրենց տներից։