«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն իր խորը մտահոգությունն է հայտնում Արցախի հայ բնակչության բռնի տեղահանման կապակցությամբ։

«Բաքուն  սեպտեմբերի 19-20-ին Արցախի ողջ տարածքում սանձազերծեց հերթական լայնամասշտաբ անհամաչափ պատերազմ, որի ընթացքում թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, բնակելի տներ, շտապ օգնության մեքենաներ, զոհվել են քաղաքացիական անձինք, այդ թվում՝ երեխաներ։ Նման պայմաններում Արցախի  բնիկ էթնիկ հայ բնակչությունը հարկադրված, ֆիզիկական գոյության պահպանման նպատակով լքում է իր հայրենիքը։ Արցախի հայությունը, 10 ամիս գտնվելով լիակատար շրջափակման մեջ, մատնվելով սովի և աննկարագրելի տանջանքների, ամիսներ շարունակ օգնության կոչ էր ուղղում քաղաքակիրթ աշխարհին, որի համաչափ արձագանքի բացակայությունը հանգեցրեց իրական էթնիկ զտման, մարդու բնական իրավունքների բազմակի և անթույլատրելի խախտման դեպքերի, որն, անշուշտ, այսօր կարիք ունի խստագույն դատապարտման։ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը պնդում է, որ 21-րդ դարում, երբ մարդու ազատ, հավասար և արժանապատիվ կյանքը համարվում է բարձրագույն արժեք, նման վայրագությունների արմատները պետք է փնտրել նախկինում կատարված հանցանքների անպատժելիության մեջ։ Ավելի քան հարյուրամյակ պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի հայությունը պարբերաբար ենթարկվում է ջարդի, կոտորածի և բռնի տեղահանության։ Իսկ այդ ամենի կազմակերպիչներից՝  Բաքվի  դեմոկրատական հանրապետության, Խորհրդային Ադրբեջանի և Բաքվի իշխանությունից և ոչ մեկը մինչ օրս որևէ պատասխանատվություն չի կրել մարդկության հանդեպ գործած հանցանքների համար։ 1918թ․ սեպտեմբերի 15-17-ը օսմանա-ադրբեջանական զորքերի վայրագությունների զոհ դարձան Բաքվի շուրջ 30 հազար հայեր, ավելի քան 30 հազարը հարկադրված հեռացել է քաղաքից։ 4 հազարից ավելի հայեր գերվել են, որոնցից 445՝ մահացել ծեծի և տաժանակիր աշխատանքի հետևանքով, անհետ կորածների թիվը 3572 է, բանտարկվել են 553 հայեր։ Հայ բնակչության կրած միայն նյութական վնասների գումարը անցնում էր 1 միլիարդ ռուբլուց (1919թ.-ի դրությամբ), ինչը ժամանակի համար հսկայական գումար էր։ 1918-1920թթ․ կոտորածն ու թալանը, ռասայական ու կրոնական խտրական քաղաքականությունը շարունակվել են գրեթե Ադրբեջանի ողջ տարածքում։ Նման գործելաոճ ժառանգեց նաև Խորհրդային Ադրբեջանը։ 1988-1991թթ․ Ադրբեջանական ԽՍՀ֊ում, ապա 1992թ. Բաքվի իշխանության կողմից խրախուսվել են ցեղասպանական գործողություններ Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, իսկ Հյուսիսային Ղարաբաղում, Նախիջևանում և  մնացյալ տարածքում հայերի՝ ջարդերով ուղեկցվող տեղահանություններ։ Այս գործողությունների հետևանքով հարյուր հազարավոր հայեր հարկադրաբար լքեցին իրենց բնակավայրերը՝ ապաստան գտնելով Արևելյան Հայաստանում կամ արտերկրում։Այս տարիների ընթացքում Բաքուն չի կարողացել և անգամ չի փորձել քաղաքական կամք ցուցաբերել արդարացիորեն առերեսվելու իր հարյուր հազարավոր քաղաքացիների բռնի արտաքսման փաստին։ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության ներկայացուցիչները, որոնք անմիջականորեն կրել են ադրբեջանական ագրեսիայի ողջ ծանրությունը, չեն ստացել համապատասխան փոխհատուցում այն ողջ նյութական վնասի համար, որ կրել են բռնի տեղահանության արդյունքում։ Բաքվի հասարակության արտակարգ հակահայկական տրամադրությունների, ատելության և բռնության խոսքի, ռասայական և կրոնական խտրականության պայմաններում բռնի տեղահանվածների վերադարձի հնարավորությունը գրեթե անհնար է առանց ապահովության և անվտանգության միջազգային երաշխիքների։ Այժմ Արցախի հայությունն է ենթարկվում միևնույն դաժանություններին, ինչի միջով որ պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի հայությունը ստիպված է եղել անցնել 35 տարի առաջ։ Համանման խնդիրներ փախստականների հետ կապված ևս կառաջանան, եթե միջազգային հեղինակավոր կազմակերպությունները, իրավապաշտպան կառույցները և ազդեցիկ և պատասխանատու երկրները չդիմեն գործնական ճնշման Բաքվի նկատմամբ, չկանխեն Արցախի հայաթափումը, ինչպես որ եղավ Նախիջևանի պարագայում։ Բաքվի այս գործողությունները հանդիսանում են միջազգային մի շարք կարևորագույն իրավապաշտպան հռչակագրերի և կոնվենցիաների կոպտագույն խախտումներ, որոնք արժանի են մանրամասն քննության։