Արցախյան 44-օրյա պատերազմում հակառակորդի հարձակման գլխավոր հարվածը եղել է Ջրականի՝ 9-րդ պաշտպանական շրջանի ուղղությամբ։ 2020թ․ սեպտեմբերի 27-ից 9-րդ պաշտպանական շրջանի ստորաբաժանումներին հաջողվել է 6 գիշեր և 7 ցերեկ դիմադրել ադրբեջանական մի քանի անգամ գերազանցող զինված ուժերի հարձակմանը՝ թշնամուն պատճառելով մեծածավալ կորուստներ։ Պատերազմի առաջին օրերի մասին հայկական լրատվականներից մեկին պատմել է  այդ ժամանակ 9-րդ պաշտպանական շրջանի հրամանատար, գնդապետ Արտյոմ Պողոսյանը։

«Առաջին օրվանից մինչև իմ պաշտոնավարման վերջին օրը չի եղել կրակի խտության փոփոխություն, ընդհանրապես ոնց առաջին օրն են խփել, մինչև վերջ էդպես են խփել, ու դրա դիմաց զինվորները կռվել են՝ բոլոր ստորաբաժանումներն իմ դրած խնդիրները կատարել են։Առաջին օրը 10-ից ավել մարտական դիրք կորցրել եմ, 10 զրահատեխնիկայով կարողացան վերցնել, հաջորդ օրը հետ ենք վերցրել էդ մարտական դիրքերը։ Դիրք կա, որ մի քանի անգամ տվել, հետ ենք վերցրել, օրինակ՝ 300-րդ դիրքը, 3-րդ գումարտակը հետ էր վերցրել՝ առանց մեկ վիրավորի»։

Հարցին ՝ թե, երբ եղավ ճեղքումը,  Արտյոմ Պողոսյանը պատասխանել է․

«Ճեղքում բառն անընդունելի եմ համարում։ 

Հոկտեմբերի 3-ին ինձ խնդիր են դրել, որ անձնակազմը դուրս գա էդտեղից, հոկտեմբերի 3-ին, 2-րդ և 3-րդ գումարտակները քանի որ պատերազմի 7 օրվա ընթացքում շատ կորուստներ ունեցան, մեծ դժվարությամբ դուրս են եկել։ Ով պիտի էնտեղ կանգներ՝ ես տեղյակ չեմ․․․Հիմա հարց՝ իմ զորքը կանգնած է, թշնամին 7 օրվա մեջ ընդամենը 1,5 կմ է առաջ գալիս՝ կորցնելով 64 տանկ, հետևից գալիս է լրացուցիչ 40 տանկ, հիմա որևէ մեկը կարա՞ ասի՝ իմ զորքը ճեղքվել է»։

Արտյոմ Պողոսյանը, նշել է, որ թշնամին ֆիզիկապես շատ էր, էնպիսի բան չեն արել, որ զարմանան, ավիացիան է խփել, մեծ հրետանին են խփել, ռեակտիվ հրետանին են խփել, դրանից հետո՝ ԱԹՍ-ն, հետո նորից ամեն ինչ, ուղղակի ֆիզիկապես շատ էին:

«Հակառակորդի նախնական մշակած շատ ծրագրեր խափանեցինք, բայց մենք էլ մեծ կորուստներ տվեցինք։ Հարցնում են՝ ինչո՞ւ չխուսափեցիք զոհեր տալուց, բացատրում եմ՝ կարայինք, եթե առաջին օրվանից թողեինք, գնայինք, ու էդ տանկերը որ եկել էին առաջին օրը կարային մեկ ժամվա մեջ վերցնեին Ջաբրայիլը, բայց յոթ օր դիմակայել ենք ու մաքսիմալ կորուստներ պատճառել հակառակորդին»։