Գորիսի կենտրոնական փողոցների գրեթե ամեն անկյունում կարելի է նկատել Արցախից տեղահանված մարդկանց խմբեր։ Նրանց դիմաց ընդամենը մի քանի պայուսակ է դրված՝ այն, ինչ համարել են ամենակարևորը ու կարողացել են իրենց հետ բերել։ 24 ժամից ավելի ճանապարհ գալուց հետո մարդիկ անորոշ նստած են աստիճաններին, քարերին ու սպասում են, թե որտեղ իրենց ապրելու տեղ կտան։ Գորիսում այլևս մարդկանց տեղավորելու հնարավորություն չկա․ հյուրանոցներն ու հյուրատները վաղուց ամբողջությամբ զբաղված են։ Դրամատիկական թատրոնի դիմաց մեքենաները ժամանակավոր տների են վերածվել։ Կիսաբաց բեռնախցիկներից երևում են հանգուցյալների լուսանկարներ, կենցաղային պարագաներ, փափուկ խաղալիքներ։ Հաճախ ամբոխի մեջ մարդիկ նկատում են իրար, գրկախառնվում, հարցուփորձ անում ու տալիս ամենակարևոր հարցը՝ ձեզ ո՞ւր են ուղարկել։ «Կռիվը, որ սկսել ա մենք տնից անգամ մի լուցկի չենք վերցրել, խոխեքի շորերից բան չենք վերցրել։ Մի կերպ եկանք, հասանք էստեղ, հիմա տեսնենք կարենալո՞ւ ենք հարմարվենք ապրենք էստեղ, թե՞ չէ։  9 ամիս սովամահ եղանք ու վերջում էլ տվեցինք Արցախը։ Թող սոված լինեինք, բայց մեր Արցախում լինեինք։ Եկանք, ընկանք փողոցները՝ մեր տունը, տեղը, անասունները  թողած, դարձանք քոչվոր։ Մենք բան չէինք ուզում ոչ մեկից՝ ո՛չ ուտելիք, ո՛չ օգնություն․ ճանապարհը որ բաց լիներ, մենք ամեն ինչ էլ կստեղծեինք։ Ի՞նչ ասեմ, սա ա, կարալ չենք փոխենք։ Ես երբեք չէի պատկերացնի, որ մեր Արցախը կկորցնենք, բայց կորցրինք, ափսոս, որ կորցրինք

»,- լրագրողների հետ զրույցում ասել է  Արցախցի Զինա Գևորգյանը։