Պարտությունը 2020 թվականի պատերազմում ու 2023-ին  Արցախի կորուստը ժամանակագրորեն համընկավ ճիշտ 100 տարի առաջ տեղի ունեցած թուրք-հայկական պատերազմի հետ։ Հանրությունը սկսեց զուգահեռներ անցկացնել Կարսի և Արցախի անկման միջև, իսկ ռուս խաղաղապահների տեղակայումը և ռուս-թուրքական համատեղ քայլերը համեմատվեցին 1920 թ. վերջին Հայաստանի խորհրդայնացման հետ։ Ի հավելումն այս ամենի՝ Արցախի շուրջ հյուսվող դավադրաբանական տեսությունները զարմանալիորեն հիշեցնում են 1920 թ. հոկտեմբերի 30-ին Կարսի անկումից հետո տարածվող պատմությունները։ Կորստի ցավը շատերին ուղղորդում է դեպի պատմական անցյալ, որում մարդիկ փորձում են գտնել այսօրվա շատ հարցերի պատասխաններ։ Կյանքը միշտ էլ ստիպում է ժամանակ առ ժամանակ հայացք ձգել անցյալին։

Այս քննարկումներում, սակայն, արվում է հիմնական մեկ բացթողում, որն առկա էր նաև 1920 թ. ուշ աշնանը. թե՛ Կարսի, և թե՛ Արցախի  անկումը դիտարկվում է մեկուսի՝ կտրված ռազմական գործողությունների, քաղաքական իրադարձությունների, ներհայկական խորը հակասությունների ընդհանուր տրամաբանությունից։ Միևնույն ժամանակ, տասնամյակներ շարունակ,թե Կարսի, թե Արցախի շուրջ հյուսվել է անառիկության պատկերացում, ինչի պատճառով էլ դրանց կորուստը հանրությունը կարողանում է բացատրել միայն դավաճանությամբ։ Եթե Արցախի անկման պատճառները դեռևս ուսումնասիրված չեն և շատ հարցեր բաց են, ապա 1920 թ. Կարսի անկման պատճառների մասին կան որոշ տեղեկություններ, որոնք թույլ են տալիս, եթե ոչ ամբողջական, ապա ընդհանուր պատկերացում կազմել 103-ամյա վաղեմության իրադարձությունների մասին։

Բացի այդ, կարևոր ենք համարում նշել, որ հանրային այն պատկերացումը, թե անցյալում տեղի ունեցած դեպքերը նույնությամբ կրկնվում են այսօր, ճիշտ չէ և կարող է սխալ եզրակացությունների հանգեցնել։ Նույնքան վտանգավոր է անցյալի իրադարձություններն անտեսելը և քաղաքական ու աշխարհաքաղաքական ինչ-ինչ կարծրատիպեր որդեգրելը։ Լավագույն լուծումը պատմության համակողմանի և ամենակարևորը՝ անկեղծ լուսաբանումն է, ինչը թույլ է տալիս հասկանալ աշխարհաքաղաքական գործընթացները, տարածաշրջանի երկրների շահերն ու նրանց հնարավոր գործողությունները, ինչպես և սեփական բացթողումները։ Հաշվի առնելով 1920 թ. վերջի իրադարձությունների մասնակի նմանությունը 2023թ. Արցախյան իրադարձություններին, կփորձենք ընդհանուր գծերով անդրադառնալ 1920-ի թուրք-հայկական պատերազմի որոշ հարցերի։