Կիպրոսի կառավարությունը պատրաստ է անհապաղ մարդասիրական օգնություն ցուցաբերել  Արցախի հայերին և քննարկում է երկրում հայ փախստականներին տեղավորելու հնարավորությունը։ Այս մասին տեղեկանում ենք Կիպրոսի արտաքին գործերի նախարարության հայտարարությունից, որը վերաբերում է Արցախի վերջին իրադարձություններին։

«Կիպրոսի Հանրապետությունը բաց ուղիներ է պահում հայ ժողովրդի համար։ Այս շրջանակներում Կիպրոսի կառավարությունը պատրաստ է անհապաղ մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախից  վտարված հազարավոր հայերի, որոնք լքում են իրենց պապական տները։ Այս առումով դիտարկվում է նաև մի շարք հայ փախստականների մեր երկրում տեղավորելու հնարավորությունը, եթե նման անհրաժեշտություն առաջանա»,- նշված է հաղորդագրության մեջ։ Կիպրոսի ԱԳՆ-ն դատապարտել է սեպտեմբերի 19-ին և 20-ին Արցախում  Բաքվի ռազմական գործողությունը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի կոպիտ խախտումը։ Կիպրոսը Բաքվին մեղադրել է նաև էթնիկ զտումների մեջ։