Գևորգ Գրիգորյանի ընտանիքն գրեթե 3 տարի  է՝ ամեն երեկո գնում է Եռաբլուր՝ որդու շիրիմին այցելության։

«Ամեն օր աշխատանքից հետո գնում ենք Եռաբլուր, մինչև գիշերվա ժամը մեկը-երկուսը, երբեմն նույնիսկ ավելի երկար անցկացնում այդ սրբավայրում, մանավանդ, որ սեպտեմբերի 27-ից սկսած ամեն օր մեր հերոս նահատակներից մեկի զոհվելու տարելիցն է»,- ասում է Գևորգի մայրը՝ Քնարիկ Պապոյանը։

Գևորգ Գրիգորյանը բանակ է զորակոչվել 2019թ․ հուլիսին, ծառայել է Գյումրու հակատանկային ուսումնական զորամասում։ Վերջին անգամ տեսակցել է ընտանիքին 2020թ․-ի հունվարին` Գյումրուց արձակուրդ եկած օրերին: Հունվարի 10-ին մեկնել է Արցախ` Հադրութի գնդի հակատանկային մարտկոցում իբրև կրտսեր սերժանտ շարունակելու ծառայությունը։ Սեպտեմբերի 25-ից Գևորգը մարտկոցի հետ գտնվել է դիրքերում և պատերազմի առաջին օրվանից մինչև հոկտեմբերի 27-ը պաշտպանել Կարախանբեյլի գյուղի մոտ գտնվող դիրքերը: «Պատերազմի օրերին Գևորգը զանգեց ասաց՝ մամ, չէի պատկերացնի, որ ես մարդ կսպանեմ։ Ասացի՝ Գև ջան, դու մարդասպան չես, պատերազմ է, դու թշնամի ես ոչնչացնում»,- պատմում է տիկին Քնարիկը ու շարունակում,- «Գևորգի մարդկային ընկալումները շատ ուրիշ էին, զգայուն էր ամեն ինչի նկատմամբ, անտարբեր չէր կարող անցնել նույնիսկ մուրացիկների, անտուն կենդանիների կողքով»։

Գևորգը յոթ տարեկանից զբաղվել է «Ձյոսինմոն սյորինրյու» կարատեով, հայրը՝ Սերգեյ Գրիգորյանը, դեռևս խորհրդային տարիներին նույնպես զբաղվել է այն ժամանակ արգելված մարտարվեստի այդ ձևով: Պատերազմի ժամանակ Գևորգը միայն հորն է պատմել, որ տանկեր է խոցել, հետո նաև ծառայակից ընկերներն են հավաստել, որ խոցել է 11 տանկ, ութը Հադրութի դիրքերում, երեքը՝ Մարտունու դիրքում։ Ծառայակցի՝ Հակոբ Սարգսյանի խոսքով՝ Գևորգը խոցելիս երբեք չէր վրիպում։ Մեկ ամիս պատերազմելուց հետո՝ հոկտեմբերի 27-ին, հակատանկային մարտկոցը ստանում է նահանջի հրաման, նեղ միջանցքով զորքը նահանջում է դեպի Մարտունու Կաղարծի գյուղ:

«Նահանջի օրը Գևորգը զանգեց և շատ զայրացած ասաց՝ մամ ջան, ով էլ որ ասի Հադրութը գրավել են՝ չհավատաս, մենք մինչև վերջ պահել ենք մեր դիրքերը, մեզ պարզապես ասել են թողեք դուրս եկեք։ Երբ հասնում են Կաղարծի, տեսնում է տարբեր դիրքերից ողջ-առողջ ծառայակից ընկերներին, ում հետ կապ չէր եղել այդ ընթացքում, շատ է ուրախանում»,- հուշերում գրել է մայրը։

Գևորգ Գրիգորյանի մասին հոդվածը ամբողջությամբ կարող եք կարդալ ՝  Western Armenia Tv-ում