Genocide Watch-ը, Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը, «Փրկել Արցախը» կոալիցիան, Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, Արեւմտեան Հայաստանը ինչպես նաև հայկական տարբեր կազմակերպություններ դեռ 2022 թ․-ից են նախազգուշացրել Արցախում տեղի ունեցող ցեղասպանության մասին։

Genocide Watch-ն արձանագրում է՝ Արցախում  բռնի տեղահանությունը և ցեղասպանությունը «տասնամյակներ շարունակվող հակամարտության կուլմինացիան է»։ Հոդվածում նաև ներկայացվում են 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Բաքվի կողմից Արցախի վրա լայնածավալ հարձակման հետևանքները, քաղաքացիական բնակչության շրջանում` զոհերը։

«Բաքուն միտումնավոր կերպով գնդակոծում է քաղաքները։ Սա պատերազմական հանցագործություն է (ՄՔԴ կանոնագիրք, հոդված 8, 2b(i))», – գրում է Genocide Watch-ը՝ նշելով, որ ադրբեջանական հարձակման ժամանակ Սառնաղբյուրում զոհվել է 5 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 3 երեխա, անհետ կորել է 2 երեխա, վիրավորվել՝ 2 երեխա։

Այնուհետև Genocide Watch-ն արձանագրում է․ «Բռնի տեղահանությունը մարդկության դեմ հանցագործություն է (ՄՔԴ կանոնագիրք, հոդված 7, (1d))»:

Կազմակերպությունը նշում է, որ ադրբեջանական քարոզչությունն «ապամարդկայնացնում է հայերին», Բաքուն  ջնջում է Հայաստանի հնագույն պատմությունը, համակարգված կերպով ոչնչացնում հայկական քրիստոնեական եկեղեցիները և սրբավայրերը։

Չնայած Բաքվի ղեկավարը հայտարարել է, թե, իբր, հայերի իրավունքները Բաքվում կպահպանվեն, սակայն, իրականում, ադրբեջանցի զինվորականները սոցցանցերում տարածում են իրենց կողմից հայերին սպանելու տեսանյութեր, հետևաբար, նշում է Genocide Watch-ը, հայերը չեն կարող ապահով լինել Բաքվի տիրապետության ներքո։

«Բաքվի ուժերը կալանավորում են տարհանվողներին և արդեն ձերբակալել են Արցախի նախկին ղեկավարներից Ռուբեն Վարդանյանին», – նշվում է հոդվածում։

Genocide Watch-ը նաև շեշտում է, որ Եվրոպան, ինչպես և 1915 թ․ Հայերի դեմ իրականացված ցեղասպանության ժամանակ, չկարողացավ գործել՝ վերջ դնելու հայերի ցեղասպանությանը։