Բաքուն պարտավոր է պահպանել օկուպացված տարածքներում մշակութային ժառանգության միջազգային դրույթները
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.
«Ամարասի վանքը գտնվում է Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի մոտակայքում։ 44-օրյա պատերազմից հետո՝ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի արդյունքում հայ-ադրբեջանական շփման գիծը կանգ էր առել Ամարասից 800-1000 մետր հեռավորության վրա, և ուխտավորներն այստեղ այցելում էին խաղաղապահների ուղեկցությամբ:
2023 թվականի սեպտեմբերի 19-21-ը ընկած ժամանակահատվածում Բաքվի ագրեսիայի հետևանքով սկսված զինված բախումների արդյունքում Բաքուն օկուպացրեց Ամարասի վանքը՝ չթողնելով ժամանակ և հնարավորություն անգամ մասունքների փրկության համար։ Արդյունքում վանքն իր նյութական և ոչ նյութական արժեքներով մնաց թշնամու վերահսկողության տակ։
Մեր արձագանքը
Օկուպացված տարածքների համար ներկայումս կիրառելի են դեռևս 20-րդ դարասկզբին ընդունված Հաագայի 1907 թ. օգոստոսի 18-ի «Պատերազմի օրենքների ու սովորույթների մասին» կոնվենցիային կից կանոնակարգի 42-րդ հոդվածը, համաձայն որի՝ «Օկուպացված է համարվում այն տարածքը, որը փաստացի գտնվում է թշնամու բանակի իշխանության ներքո», և տարածվում է միայն այնտեղ, որտեղ հաստատվել և կարող է իրացվել, կամ, որ նույնն է, հնարավորություն է ստեղծվել իրացնելու թշնամու բանակի իշխանությունը: Օկուպանտ տերության պարտավորությունները սահմանված են հիշյալ կանոնակարգի նաև հաջորդ՝ 43-56-րդ հոդվածներում:
Оկուպացված տարածքների իրավական հարաբերություններին են վերաբերում Ժնևի 4 կոնվենցիաները և Հաագայի 1954 թ. կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունները (1954թ․ և 1999 թ․): Բացի այդ՝ ցանկացած օկուպացիայի օրինականությանն առնչվող հարցերը կարգավորվում են նաև ՄԱԿ-ի կանոնադրությամբ և «jus ad bellum» սկզբունքով։
Համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության օկուպացիայի կամ դրան հավասարազոր ցանկացած իրավիճակի («ներխուժում», «ազատագրում», «օկուպացիա») ստեղծման դեպքում կիրառվում է օկուպացիայի մասին վերոհիշյալ օրենքը (Հաագայի 1907 թ. կոնվենցիա, հոդված 42), և դրա կիրառելիության համար էական պայման չեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից օկուպացիայի օրինականության հաստատումը և դրա ընդունելի լինել-չլինելը, ռազմական գործողությունների նպատակի մասին պարզաբանումները»։
Համաձայն հայ պատմիչների վկայությունների՝ Ամարասի վանքի եկեղեցին հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին։ 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն Ամարասի վանքում բացում է Արցախի առաջին դպրոցը։ Արևմտյան Հայաստանի կառավարությունը, դեռևս 2022թվականին ի դեմս Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանի, իբրև բռնազավթչի, դատի է տվել Բաքվի իշխանություններին՝ Շուշիից 2020թվականին բռնի տեղահանվածների հարցով: Այժմ մեր կառավարությունը ստեղծել է հատուկ հանձնախումբ՝ 2023թվականին իրենց բնօրանն ստիպողաբար և դաժան հալածանքների հետևանքով լքած բնիկ արցախցիների բողոքների հավաքագրման և դատարան դիմելու համար: