Պատերազմից երեք ամիս առաջ՝ 1920 թ. հունիսին հայկական զորքերը գրավել էին Օլթին, որը համարվում էր հայկական պետության տարածք։ Օլթիի ածխահանքերը կենսական նշանակություն ունեին շրջապատված ու էներգակիրների բացակայությունից կործանման եզրին կանգնած հայկական տնտեսության ու ենթակառուցվածքների համար։ Հետագայում թուրքական կողմը պատերազմ սկսելու որոշումը հիմնավորում էր հենց Օլթիի գրավումով, որը, սակայն, մեղքը հայերի վրա գցելու փորձ էր։ Եթե անգամ Օլթիի գործողությունը չլիներ, միևնույն է՝ թուրքերը որևէ այլ պատրվակով հարձակվելու էին Հայաստանի վրա։ Տարբեր, այդ թվում՝ թուրքական աղբյուրները, Քեմալի ու Կարաբեքիրի նամակագրությունը վկայում են, որ թուրքական բանակը հարձակման հրամանի էր սպասում 1920-ի ապրիլից։
Թուրքական հարձակման առաջին ալիքը 1920 թ. սեպտեմբերի 10-ին էր, որին հայկական զորքերը կարողանում են դիմակայել։ Երեք օր անց, սակայն, չդիմանալով ճնշմանը, հայերը թողնում են Օլթին։ Հենց այս պահից ի հայտ են գալիս հայկական բանակի ու թիկունքի թերացումները։ Համաձայն վկայությունների՝ Օլթիում և Սարիղամիշում հայերն ունեին մոտ 2400 զինվոր, մինչդեռ թուրքական 15-ին բանակային կորպուսի ընդհանուր թվակազմը մոտ 28 հազար էր։ Թուրքական] զորքը պարենավորված էր շատ լավ, ուներ առատ զինամթերք, հագուստ, որը ստանում էր իտալացիներից, ֆրանսիացիներից և Խորհրդային Ռուսաստանից։
Այս դրվագը, կարծում ենք, կարևոր է, որովհետև ամիսներ շարունակ հայկական կողմը Արևմուտքին վստահեցնում էր, թե Քեմալի բանակը հազիվ 10 հազար լինի, թույլ է և վատ կազմակերպված։ 1920 թ. ապրիլի վերջին Սան-Ռեմոյում հայկական պատվիրակության ղեկավար Ավետիս Ահարոնյանը Լլոյդ Ջորջին, լորդ Քըրզոնին, մարշալ Ֆոշին և ուրիշներին ասում էր. «Մուստաֆա Քեմալը 14 հազար զորք չունի, այլ շատ պակաս, և այն էլ մեծ մասամբ անկանոն զորք, գյուղացիներ, շատերը բռնի զենքի տակ պահված, ամենքը վատ հագնված, անվարժ։ Մեր բանակի գլխավոր շտաբի տեղեկությունները, որոնք ճշգրիտ են, կասկած չեն թողնում այս մասին»։
Ահարոնյանն ասում էր նաև, որ Հայաստանն ունի շուրջ 25 հազարանոց բանակ։ Մի քանի ամիս անց հայկական բանակի թիվն ավելի մեծ էր ներկայացվում. հուլիսի 11-ին Հունաստանի նախագահ Վենիզելոսի հետ հանդիպմանը հայկական պատվիրակության անդամ գնդապետ Ղորղանյանն ասում էր, որ Հայաստանը բանակի թիվը կարող է հասցնել 40 հազարի։
Մինչդեռ Հայաստանի Հանրապետության զինվորական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանն իր հուշերում նշում է, որ 1919 թ. հայկական բանակն ուներ շուրջ 10 հազար զինվոր ու սպա։ Եվս 4000 զինվոր հանրապետության տարբեր շրջանների պահեստային զորամասերում էր։ Անկախության ողջ ընթացքում Բաքվի հետ չհայտարարված, բայց և չավարտվող պատերազմի պատճառով հայկական բանակը տեղակայված էր հարյուրավոր կիլոմետրեր ձգվող սահմանագծում։
Ուշադրության է արժանի նաև Վրացյանի այն դիտարկումը, թե պատերազմը սկսվելուց հետո պարզ է դառնում, որ Հայաստանը բոլորովին մենակ է և պատրաստ չէ պատերազմին։ Հայաստանը դիմում է աշխարհի հզորներին, որոնք մինչ այդ Հայաստանին իրենց կրտսեր դաշնակիցն էին համարում, սակայն իրական ռազմական կամ ռազմաքաղաքական աջակցություն ոչ մեկից չի ստանում։