Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է Պոլիտիկոի հրապարակումը Արցախում Բաքվի ռազմական գործողության նախօրեին ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի Դաշնության եռակողմ հանդիպման անցկացման մասին՝ նշելով, որ այդ հանդիպման նկարագրված մանրամասները չեն համապատասխանում իրականությանը. «Ոչ այնպես, ինչպես նկարագրված է այդ նյութում, այդպես չէ, կան բազմաթիվ անճշտություններ, բազմաթիվ սխալներ: Որոշակի շփումներ Արցախի հարցով, իսկապես, եղել են»,- լրագրողներին ասել է նա։
Միաժամանակ Պեսկովն ընդգծել է. «Բայց սրանք այն բանակցությունները չեն, որոնց մասին այնտեղ գրված է»։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նույնպես հայտարարել է, որ ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները հանդիպել են Թուրքիայում՝ քննարկելու Արցախում տիրող իրավիճակը և այդ շփումների փաստը գաղտնիք չէ։
«Գաղտնիների մասին չգիտեմ. ԱՄՆ-ն և ԵՄ-ն դիմել են մեզ։ Խնդրել են հանդիպում անցկացնել, նույնիսկ կասեի՝ ինչ-որ շփումներ անցկացնելու համար։ Նախանշվել է հանդիպման նպատակը, և հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Վերջ»,-նշել է նա։ Պոլիտիկոն գրել էր, որ հաշվի առնելով Ռուսաստանի ազդեցությունը հակամարտության կողմերի վրա, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի նախաձեռնությամբ «հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին Ստամբուլում՝ Բաքվի վրա ճնշում գործադրելու ջանքերի շրջանակում, որպեսզի վերջ տա անկլավի իննամսյա շրջափակմանը և թույլ տա Հայաստանից մարդասիրական օգնության շարասյուներին անցնել»: Ռուսներին պետք չէր միջանցքի ապաշրջափակումը, որը կարող էր հանգեցնել միջազգային մուտքին Արցախ, միջանցքը պետք է գործեր միակողմանի՝ բնիկ մեծամասնության արտաքսման նպատակով։