Ինչպես ընկավ Շուշին, ինչու տապալվեց Շուշիի պաշտպանությունը, ով էր Շուշիի կորստի պատասխանատուն, ինչպես ի վերջո հայտնի դարձավ, որ քաղաքն այլևս հայկական վերահսկողության տակ չի։ 

Շուշիի անկումը հերթական անգամ եկավ փաստելու, որ մենք սովորություն չունենք ՝ ‎պատմությունից «‎դասեր» քաղել։ 

Շուշիի անկումից, շուրջ 102 տարի առաջ, տեղի ունեցած դեպքերը թվում էր թե մեր համար լավ դաս է եղել, որ մենք սերտել ենք, բայց ոչ։

1918թ. հունվարի վերջին՝ Երզնկայի անկումից հետո, թուրքական բանակն մեկը մյուսի հետեւից գրավում էր նախկինում ռուսական բանակի վերահսկողության տակ գտնվող շրջանները եւ շարժվում դեպի Կարին։ Հզոր բերդաքաղաքը, որը համարվում էր Թուրքահայաստանի բանալին, ռուսական 25-հազարանոց բանակը գրավել էր 1916թ. փետրվարի սկզբին։

1918թ. փետրվարին Կարինում կենտրոնացել էին հայկական մի քանի զինվորական ստորաբաժանումներ, մեծ թվով փախստականներ, Երզնկայից եւ այլ վայրերից նահանջած հայկական ուժեր։

Փետրվարի սկզբին Կարին է գործուղվում Անդրանիկը, որին շուտով սկսում են միանալ հիմնականում արեւմտահայերից կազմված կամավորական տարբեր ջոկատներ։ Քաղաքի ներքին դրությունն անկայուն էր. նահանջի ընդհանուր տրամադրությունը, զորքի բարոյալքումը, կենտրոնական ղեկավարության ու հրամանատարության բացակայությունը քայքայել էր պաշտպանունակությունը։ Բացի այդ, Կարինում կար բավականին լավ զինված շուրջ 25 հազար թուրք բնակչություն, որն անհամբեր սպասում էր Վեհիբ փաշայի բանակին։

Գրող Վահան Թոթովենցը, որն Անդրանիկի զորամասերի կազմում մասնակցել է ռազմական գործողություններին, «Զորավար Անդրանիկ եւ իր պատերազմները» գրքում նկարագրում է Էրզրումում ստեղծված դրությունը.
«Կար այստեղ Մոսկվայի հայկական կոմիտեն իր լիազորով։ Ասիկա կես քաղաքական մարմին էր, որովհետեւ մեկ քանի տարի է ի վերջո գործած էր Կարնո մեջ եւ վարկ ձեռք բերած։ Կոմիտեն իր ձեռքին տակ ուներ մթերանոցներ եւ զորք։

Կար այստեղ Ազգային խորհուրդը, կար այստեղ Հայաստանի ապահովության խորհուրդը, Թորգոմը իր գունդով եւ երկյակ պաշտոնով։ Օդիշելիձեն իր վերջին հեղինակությամբ։
Մուրադի սպայակազմը, Քղիի գունդը իր մեծով, Երզնկայի գունդն իր մեծով, Բաբերդի գունդն իր մեծով։ Այս բոլորն իրարու հետ վեճի եւ պայքարի մեջ, ամեն մեկը մյուսին համար անսիրելի»։

Թոթովենցը գրում է, որ Կարինում կային «զանազան եւ զարմանազան իշխանություններ, գունդեր, աշիրեթներ, միահեծանություններ»։ Նա հատկապես բացասաբար է խոսում Տիգրան Աղամալյանի մասին, որը «մի վարժապետ էր, որ անխղճություն ունեցած էր խառնվելու զինվորական գործի մեջ։ Այս մարդն ուներ զանազան պաշտոններ՝ Կարնո շրջանի կառավարիչ, Կարնո կոմիսար, Ազգային խորհրդի Կարնո մասնաճյուղի նախագահ» եւ այլն։ Տիգրան Աղամալյանը, ըստ տարբեր աղբյուրների, զբաղվում էր զենքի եւ այլ ապրանքների վաճառքով։

Արամ Ամիրխանյանն իր հուշերում գրում է, որ «Աղամալյանի համար կխոսվեր, որ 75 արկղ Մոսին հրացան, 60 000 փամփուշտով ծախած էր թուրքերուն»։

Աղամալյանը ֆինանսական մութ գործերում համագործակցում էր գեներալ Օդիշելիձեի հետ, որն այդ օրերին արդեն լքել էր Կարինը։ Թոթովենցը գրում է, որ Օդիշելիձեն հեռանալիս հետը տարել էր 5 միլիոն ռուբլի։

Աղամալյանն Անդրանիկի դեմ է սկսում տրամադրել Կարինում եղած զինվորներին՝ ասելով, որ իրենք չպետք է ենթարկվեն Անդրանիկի նման ոչ զինվորականի հրամաններին։

Շարունակելի․․․