Ադրբեջանցի զինվորականները ուսից վիրավոր Դավթին վիրակապել  էին՝ աշխարհին ցույց տալով իբր մարդասեր են վիրավոր զինվորի հանդեպ։ Հույս կար, որ Կարմիր խաչի միջնորդությամբ նրան կհանձնեն Հայաստանին։ Սակայն Բաքուն դրսեւորեց իր սադիստական, ֆաշիստական, մարդատյաց էությունը։Դավիթ Գիշյանը ծնվել է 2002 թվականի սեպտեմբերի 24-ին՝  Երևանում։ 

Դավիթը բանակ էր զորակաչվել 2021թ.-ի հուլիսին։ Ծառայել էր Էջմիածնի զորամասերից մեկում, հետո տեղափոխվել էր Կապան։ Սեպտեմբերի 24-ին կլրանար նրա 20-ամյակը։Հարազատները պատմում են, որ Դավիթը և ծառայակիցները մարտական գործողությունից վերադառնալիս են եղել, Դավիթը նկատել է, որ ծառայակիցը, որ կռվի ժամանակ իր կողքին է եղել, չկա, համոզվելուց հետո, որ իրենց հետ չէ, հետ է գնացել՝ նրան փնտրելու։ Դրանից հետո Դավիթը հրազենային վիրավորում է ստացել ուսի հատվածում ու գերեվարվել։ Զինծառայողից, որի հետևից գնացել է Դավիթ Գիշյանը, մինչ այս պահը որևէ տեղեկություն չկա։

Եղբոր տղայի զոհվելու լուրն իմանալուց հետո Գայանե Գիշյանը Ռուսաստանից անմիջապես Հայաստան է եկել։

«Որ լսեցի Դավիթը գերի է ընկել, հիստերիայի մեջ ընկա, մեր ընտանիքում նման դեպք էլի էր եղել։ 1991-ին քեռուս տղան Ոսկեպարի հատվածից գերի ընկավ, մի քանի օր հետո սպանված վերադարձրին։ Էս անգամ ինձ ասում էին՝ նման բան չկա, ում դեմքը, որ նկարում են, իրեն վերադարձնում են, Եվրադատարան կդիմենք։ Անիրավ, զարհուրելի պետություն ա Ադրբեջանը»,- ասում է հորաքույրը։

Դավիթը արմատներով Նոյեմբերյանից էր, ամառներն այնտեղ էր անցկացնում՝ սարերում՝ տատի ու պապի մոտ։

«Երկու տարեկանից Դավիթն ինձ հետ սար էր գալիս, մինչև ցրտերն ընկնելը մնում էր։ Շատ ժիր տղա էր, գործունյա, նա որ գալիս էր, սարի երեխեքի համար ցնծություն էր։ Կազմակերպում էր, գնում էին անտառ, ցախ էին բերում, երեկոյան խարույկ վառում»,- պատմում է Սոնյա տատը։ 

«Սարերում մեծանալ՝ նշանակում է նորմալ մարդ մեծանալ։ Դաստիարակության կարիք առանձնապես չկա, բնությունը հենց էդպես քեզ կերտում է՝ բարի, ազնիվ, ոնց որ Դավիթն էր»,- ասում է հորաքույրը։

Դավիթն ընտանիքի կրտսեր որդին էր, մեկ քույր ունի։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Բրյուսովի անվան պետական համալսարանի զբոսաշրջության բաժին ու միանգամից զորակոչվել բանակ։ 

«Բարձր հասակ ուներ Դավիթս, գեղեցիկ աչքեր։ Կապանից զանգեց, ասեց՝ գիտե՞ս, տատ՝ որտեղ եմ, էն որ բարձրանում էինք սարը, խաչից վերև անտառ կար, այ էդ ձևի անտառի մեջ եմ»,- հիշում է տատը։