Հայաստանի խնդրանքով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջիկա օրերին շտապ առաքելություն կուղարկի Երևան՝ Արցախից բռնի տեղահանվածներին կրթական աջակցություն ցույց տալու նպատակով: Աջակցությունն ուղղված կլինի կրթության շարունակականության ապահովմանն ու տեղահանված ուսանողներին հոգեսոցիալական օգնության տրամադրմանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել «ՅՈՒՆԵՍԿՕ»-ն: Տեքստում ասվում է, որ վերջին օրերին ավելի քան 100 հազար մարդ է Արցախից  բռնի տեղահանվել՝ գալով Հայաստան։ Նրանց՝ մոտ մեկ երրորդը երեխաներ ու դեռահասներ են։ 

«Երկուշաբթի՝ հոկտեմբերի 2-ին, Հայաստանը պաշտոնապես դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ կրթության ոլորտում կազմակերպության մանդատի շրջանակներում աջակցելու բնակչության այս խմբերին օգնություն ստանալու և տրամադրելու հարցում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն անմիջապես արձագանքեց այս խնդրանքին: Առաջիկա օրերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փորձագետների թիմ կուղարկի Երևան՝ ազգային իշխանությունների հետ համատեղ գործողությունների ծրագրի շուրջ աշխատելու և տեղահանված ուսանողների կրթության շարունակականությունն ապահովելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:

https://www.aravot.am/2023/10/05/1374513/