Կարինը ուներ ամուր պարիսպներ ու հզոր հրետանի. բերդի շուրջ 400 թնդանոթը նախատեսված էր երկարատեւ պաշտպանության եւ պաշարման համար։ Սակայն տարբեր հեղափոխություններին հաջորդած եւ ամիսներ տեւող բարոյալքման ու թալանի հետեւանքով բերդի հրետանու մեծ մասը շարքից դուրս էր եկել։

Ավետիս Թերզիբաշյանը, նկարագրելով հայերի ռազմական ուժերը, գրում էր, որ քաղաքում կատարյալ քաոս էր, եւ բոլորը բոլորին հրամայում էին. «Չհրամայող մը չկա, որպեսզի ես ալ անոր հրամայեմ»։

«Չորս հազար կանոնավոր, նույնքան ալ անկանոն հետեւակ զորք ունինք, հինգ հարյուր կանոնավոր, նույնքան անկանոն ձիավոր եւ թեեւ ամրությանց 400 թնդանոթներեն 200-ին բանալիները չկան մեջտեղ, 100-ը ձյուներու մեջ թաղված են, 100-ը անգործածելի, բայց ունինք լավ վիճակի մեջ լեռնային եւ դաշտային տասնյակ մը թնդանոթներ»,- գրում էր նա։

Ընդհանուր բարոյալքումն ու հավատի բացակայությունը ակներեւ է դառնում, երբ Կարսում Անդրանիկը դիմում է իրեն դիմավորելու եկած հազարավոր մարդկանց՝ ասելով. «Ես ծեր զինվոր մըն եմ, կերթամ մեր հայրենի երկիրը պաշտպանելու։ Ձեզմե ո՞վ կը միանա ինծի»։ «Մոտ 2000 հոգի շարքի կեցան, բայց երբ Անդրանիկ գնաց զանոնք զորանոց առաջնորդելու, միայն 25 հոգի մնացած էին»։

Անդրանիկի ժամանումը Կարին գեներալ Նազարբեկյանի համար անսպասելի էր: Ասում էր, որ պատահմամբ է իմացել Անդրանիկի եւ սպայակույտի (շտաբ) պետ Զինկեւիչի Կարին  մեկնելու մասին։ «…Նա նշանակվել էր Կարինի ջոկատի պետ եւ Կարինում ամրոցի պարետ, գնդապետ Մորելի փոխարեն։ Իմ անձնական կարծիքն է, որ Անդրանիկի նշանակումը սխալ էր»։

Անդրանիկը, իհարկե, շատ լավ հասկանում էր, որ ստեղծված անիշխանության պայմաններում դժվար կլինի կազմակերպել բերդաքաղաքի պաշտպանությունը։ Դեռ ամիսներ առաջ Նազարբեկյանի եւ Արեշյանի հետ քննարկելով հայերի ու թուրքերի ռազմական կարողությունները՝ Անդրանիկն ասել էր. «Թուրքը ունի բան մը, որ մենք չունինք եւ այդ պատճառով ան մեզի պիտի հաղթե։ Այդ բանը՝ տիսիփլինն է (դիսցիպլինա, կարգապահություն ), եւ բանակի մեջ տիսիփլինը մահապատիժով կըլլա»:

Կարինում Անդրանիկը փորձում էր կիրառել մեկ այլ մարտավարություն։ Նա կարծում էր, որ եթե թուրքերը մոտենան եւ շրջապատեն քաղաքը, ապա տարբեր քաղաքական ու ռազմական ղեկավարները ստիպված կմիավորվեն եւ կդիմեն պաշտպանության։ «Թորգոմ, քեզի հայտնեմ գաղտնիքս, թող մարդ չգիտնա։ Ես որոշած եմ պաշարվիլ այս բոլոր դասալիք երիտասարդներով Կարնո պարիսպներուն մեջ։ Այն ատեն կը տեսնես թե ինչպես կը կռվին՝ ուզեն չուզեն»,- խմբապետ Թորգոմին ասել էր զորավարը։

«Զորք այլեւս չկար։ Այն դարձել էր ամբոխ»

Փետրվարի 23-ին 1918 սկսվում են բախումները թուրքական առաջապահ ստորաբաժանումների հետ։ Մոտ 300 թուրք զինվոր եւ 200 հեծյալ, լեռնային երկու թնդանոթներով եւ գնդացիրներով գրոհում են Արչիկ, Արինքարա գյուղերի ուղղությամբ։ Նույն պահին մոտ 150 թուրք գրոհում է Իսավանքը։ Անդրանիկը գնում է առաջնագիծ՝ անձամբ ղեկավարելով մարտը։ Հայերը կարողանում են հետ շպրտել թուրքերին։

Կարինի դեմ թուրքերը կենտրոնացրել էին մեկ կանոնավոր դիվիզիա՝ 3000 սվին, 12 գնդացիր, 12 լեռնային հրանոթ, մոտ 400 ոչ կանոնավոր զորք եւ շուրջ 2000 քուրդ։ Հայկական կողմն ուներ 2000 սվին, 300 հեծյալ, 8 լեռնային եւ 20 դաշտային հրանոթ։ Այս ուժերով թերեւս հնարավոր լիներ դիմակայել թուրքերի գրոհը, եթե լիներ կազմակերպվածություն եւ բերդաքաղաքը պահելու վճռականություն։ Սակայն այդ ամենը չկար. զինվորներն ավելի ու ավելի մեծ խմբերով էին թողնում դիրքերը։

Փետրվարի 26-ի երեկոյան Անդրանիկը խորհրդակցություն է հրավիրում, որտեղ քննարկում են ռազմաճակատի դրությունը. ներկա էին գնդապետներ Զինկեւիչը, Դոլուխանովը, բժիշկ Զավրիեւը եւ մյուս ղեկավարները։ Բոլորն ընդունում են այն միտքը, ըստ որի՝ քանի որ զինվորները չեն ցանկանում կռվել, ապա լավագույն լուծումը նահանջելն է՝ փրկելով քաղաքի բնակչությանն ու փախստականներին։ Փետրվարի 27-ի վաղ առավոտյան հրետանային լավ նախապատրաստությունից հետո թուրքական բանակն անցնում է հարձակման։ Հայերը սկսում են նահանջել դեպի Հասանկալա։ Անդրանիկը փորձում է կանգնեցնել նահանջող զինվորներին, սակայն ապարդյուն։

Զորք այլեւս չկար։ Այն դարձել էր ամբոխ։ Մի կերպ, որոշ սպաների օգնությամբ Անդրանիկին հաջողվեց կանգնեցնել առանձին ստորաբաժանումներ՝ գաղթականության փոխադրումը գեթ նվազագույն չափով ապահովելու համար։

Նույն օրերին նահանջում են նաեւ Վանի շրջանում եղած հայկական ուժերը։ Բոլորը վերադառնում էին դեպի 1914թ. նախապատերազմական սահմանը՝ կարծելով, թե թուրքերն այնտեղ կանգ են առնելու: