Վահե Մկրտչյանը համալսարանում բանավեճի խմբի անդամներից էր: Համակուրսեցիները պատմել էին, որ հաճախ էր դասերից հետո նրանց պահում գրադարանում՝ բանավեճի թեմաները քննարկելու, հանձնարարություններ տալու: Երբ մի անգամ պատճառաբանել էին, թե սոված են, տուն են ուզում գնալ, հաջորդ օրը տոպրակով ուտելիք էր տարել, դրել սեղանին, ապա ասել, թե «էս ձեզ ուտելիք, էլ մահանա չբռնեք»:

Վահեն համալսարանում նաև ադրբեջաներեն էր սովորում: Տնեցիները նրան խնդրել էին, որ բանակում չասի այդ մասին, որպեսզի հնարավոր հատուկ առաջադրանքի չուղարկեն:

Մի քանի ամիս Վահեն կամավորության սկզբունքով աշխատում էր արտաքին գործերի նախարարությունում, մտածում էր՝ համալսարանն ավարտելուց հետո դրսում կրթությունը շարունակելու եւ հմուտ դիվանագետ դառնալու մասին:

2019 թ. հուլիսի 24-ին Վահեն զորակոչվել է բանակ: Հասցրել էր քննությունները հանձնել, եւ բարձր միավորների շնորհիվ ուսման վարձը զեղչվել էր: Մինչեւ զորակոչվելը անհամբեր սպասում էր ուղեգրին, նույնիսկ զինկոմիսարիատ էր գնացել, հետաքրքրվել, թե երբ են զորակոչելու: Ուզում էր, որ ընկերների հետ գնար, վերադառնար, որպեսզի հետո էլ նույն կուրսում սովորեր:Վահեն ծառայում էր Քարվաճառում: Ծառայությունից գոհ էր: Ծնողներն ասում են՝ Հայաստանի քարտեզն էր ուզել եւ գրքեր, այնտեղ նույնիսկ անգլերեն էր պարապում զինվորներից մեկին: Երբ ձմռանը արձակուրդ էր գնացել, մեծ տոպրակով գրքեր էր բերել:

Ծառայակիցները Վահեին «շտաբի պետ» էին ասում:

Ընտանիքի անդամները սեպտեմբերի 29-ին վերջին անգամ են խոսել Վահեի հետ: Դրան նախորդող երկու օրերին ոչ մի լուր չունեին նրանից: Երբ խոսել են Վահեի հետ, ասել է, ի՞նչ է պատահել, դուք չգիտես, որ մենք ամենաբարձր տեղում ենք՝ 3600 մետր է, այդքան  բարձր տեղ ո՞նց կհասնեն:

Իրականում Վահեենք մարտերի մեջ են եղել այդ ժամանակ, իսկ տնեցիները ոչինչ չեն իմացել այդ մասին:

Սեպտեմբերի 29-ի գիշերը Վահեն զոհվել է «Բայրաքթարի» հարվածից: Նա այդ օրն իրենց դիրքի միակ զոհն էր: Հետմահու արժանացել է Մարտական ծառայության մեդալի, իսկ նախքան պատերազմը պարգեւատրվել էր «Քաջարի մարտիկ» կրծքանշանով։ Մոր հետ խոսելիս կատակել էր, թե մինչեւ բանակից վերադառնալը մի 5 մեդալ էլ կստանա ու կրծքին կամրացնի, ինչպես պատերազմի մասնակից պապիկները: