Իրանն ու Բաքուն մտադիր են Արաքս գետի վրա կամուրջներ կառուցել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Այսօր Կովսականում տեղի է ունեցել ավտոմոբիլային կամրջի և սահմանային-մաքսային ենթակառուցվածքների հիմնարկեքի արարողությունը: Արարողությանը մասնակցել են Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրպաշը և Բաքվի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը: Երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները Բազրպաշին և Մուստաֆաևին տեղեկացրել են գետի հունը մաքրելու, ինչպես նաև ևս մեկ կամուրջ կառուցելու ծրագրերի մասին, որը կմիացնի իրանական տարածքը Նախիջևանին:Կողմերը նշել են, որ ավտոմոբիլային և սահմանային-մաքսային ենթակառուցվածքները կծառայեն տարանցիկ փոխադրումների ավելացմանը։
Կարող ենք եզրակացնել, որ Իրանը դանդաղ ու հետևողականորեն «զանգեզուրի միջանցք»-ի թեման զրոյացրեց և հարկադրեց, որ Բաքուն ու Նախիջևանը կապող ցամաքային ճանապարհն անցնի Իրանի տարածքով։ Հերթը երկաթգծինն է։ Հիշեցնենք, որ Իրանը այդ առաջարկը արել էր դեռևս 2021-ին: Ավտոճանապարհ, երկաթգիծ, կոմունիկացիաներ: Եվ այդ առաջարկը չէր մերժվել Բաքվի կողմից: Այստեղ այլ հարթություն է, մի բան է Նախիջևանը կապել Բաքվի հետ, մի բան է Անկարան Մոսկվայի հետ..․Արևելյան Հայաստանի տարածքից օգտվելը ձեռնտու է առաջին հերթին Թուրքիայի և ՌԴ-ի համար այն էլ անպայման Մեղրիով: Բաքու-Թուրքիա կապը կա Վրաստանով, եթե Իգդիր-Նախիջևանը երկաթգիծը լինի, ապա թեկուզ և երկար բայց Նախիջևանի հետ երկաթգծային կապը նույնպես այլընտրանք Իրանով կապի կլինի և տարածաշրջանը կգա բալանսի առանց մեկը մյուսի շահերը ոտնահարելու, ոչ Արևելյան Հայաստանի սուվերենության հաշվին և առանց ՌԴ-ի քաղաքական մասնակցության։